«Մեզ ասում են՝ կարող ա պարզվի՝ դուք պետություն չունեք». Նիկոլ Փաշինյան
Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կլինի, եթե Հայաստանը հրաժարվի խաղաղության պայմանագրից և դրա շուրջ բանակցություններից։
Պատասխանելով հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Ես հստակ ձևակերպում եմ այն քաղաքական դիրքորոշումը, որը մենք ունենք։ Բրյուսելում արձանագրվել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.600 քկմ տարածքը և Ադրբեջանը ճանաչում է 29.800 քկմ տարածքը։
Ի՞նչ է ասում ընդդիմությունը, ի՞նչ անենք մենք։ Ես արդեն ասացի, եթե որևէ մեկն ասում է՝ մենք չենք ճանաչում Ադրբեջանի 86.600 քկմ տարածքը, դա նշանակում է, որ չենք ճանաչում նաև ՀՀ 29.800 քկմ տարածքը։ Եվ հնարավորություն ենք տալիս, որ ոչ մեկն այդ տարածքային ամբողջականությունը չճանաչի, հիմա ըստ էության մենք ստեղծել ենք հնարավորություն, առնվազն բարձրագույն քաղաքական մակարդակում, այդ տարածքային ամբողջականությունը ճանաչելու։ Եվ այդպիսով արձանագրում ենք այն ապօրինի ներխուժումներն ու ապօրինությունները, որոնք տեղի են ունեցել ՀՀ-ի նկատմամբ»։
Գևորգ Պապոյանն արձագանքեց իր ղեկավարի ասածին՝ ընդգծելով, որ այդ շրջանակը, նկատի ունի ընդդիմությանը, չի ցանկանում, որ Հայաստանը լինի 29.800 քկմ տարածքով, այլ ավելի քիչ։
«Կարծում եմ՝ իրենց քաղաքականության վերջնարդյունքը պատերազմն ու արկածախնդրությունն է, ինչը պետք է մերժենք և այս առումով խոսակցություն ունենանք մեր քաղաքացիների հետ»,- նշեց իշխանական պատգամավորը։
Նիկոլ Փաշինյանը որպես հավելում՝ մեջբերեց հնչեցրած իր տեսակետը հայրենասիրության մասին, թե երբ խոսում էր հայրենասիրության մոդելի մասին, հենց պատգամավորի ասածը նկատի ուներ։
«Հայրենասիրության մեր մոդելը հետևյալն է, որը ուրիշները ներմուծել են, որ՝ հարգելի հայեր, ձեր պետությունը 29.800 քկմ չէ, այլ 300 հազար, 450 հազար քկմ է, և մենք այդ երազանքով տոգորված՝ չենք էլ նկատում, որ նրանք ասում են, որ կարող է պարզվի՝ դուք պետություն չունեք։ Մենք ասում ենք՝ մենք 300 հազարանոց, 500 հազարանոց ժողովուրդ, մինչև կկորցնենք 29.800 քկմ տարածք, այս պատմությունը մի քանի անգամ տեսել ենք, հիմա այդ պատմության հետ մեզ ուզում են առերեսել, մենք չենք ուզում առերեսվել, մեզ ասում են, թե՝ դուք պետական դավաճան եք։ Հեշտ չի: Դա նաև մեր արյան, մեր գեների, մեր մտքի մեջ է։ Եթե մենք այդ լիդերությունը ստանձնել ենք, մենք ինքներս մեզ, հետո՝ մեր ժողովրդին այս ընտրության մեջ օգնել, աջակցել, որ ճիշտ ընտրություն կատարեք, որովհետև չընտրել 29.800 քկմ պետությունը, նշանակում է՝ ընտրել չպետությունը, ավտոնոմիա որևէ տեղ լավագույն դեպքում»,- շեշտեց Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում