ՀԱԿ ակտիվիստների պաշտպանները միջնորդում են արդարացնել
ՀՀ Վճռաբեկ դատարանը օրենքով նախատեսված մեկամսյա ժամկետում որոշում կկայացնի Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների նոր բողոքը վերադարձնելու կամ վարույթ ընդունելու մասին: «Փաստինֆո» գործակալության թղթակցին այս մասին հայտնեց Դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:
Հունվարի 24-ին Վճռաբեկ դատարանը որոշում էր ընդունել բողոքը վերադարձնելու մասին: Որոշման մեջ Վճռաբեկ դատարանն արձանագրել էր, որ «թեև բողոքաբերների ներկայացրած վճռաբեկ բողոքի հիմքերը և հիմնավորումները վերաբերում են թե՛ ամբաստանյալներին վերագրվող արարքներում հանցակազմերի բացակայությանն ու նրանց նկատմամբ նշանակված պատժին, և թե՛ ապացույցների ստուգմանը, գնահատմանն ու դատաքննության ընթացքում թույլ տրված այլ դատավարական խախտումներին, սակայն որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք ներկայացված` ենթադրյալ դատական սխալի արդյունքում ծանր հետևանքների առաջացումը բողոքաբերները կապել են միայն նրանց նկատմամբ նշանակված պատժի հետ, ինչը Վճռաբեկ դատարանին հնարավորություն չի ընձեռում պարզելու, թե ներկայացված բողոքը պետք է քննության առնվի միայն նրանց նկատմամբ նշանակված պատժի խստության, թե նաև նրանց անմեղության առումով»:
Վճռաբեկ դատարանը միաժամանակ 20 օր ժամանակ էր տրամադրել բողոք ներկայացրած անձանց թերությունները շտկելուց հետո բողոքը նորից դատարան ներկայացնելու համար: Փետրվարի 14-ին ՀԱԿ ակտիվիստներն ու իրենց պաշտպանները նոր բողոք են ներկայացրել: Նրանց պաշտպան Ստեփան Ոսկանյանը «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց, որ ներկայացվել է բացառապես ՀԱԿ ակտիվիստներին արդարացնելու միջնորդություն:
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, 2012թ. նոյեմբերի 13-ին մերժել էր Հայ Ազգային Կոնգրեսի 4 երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի բողոքները: Այսպիսով դատարանը օրինական ուժի մեջ էր թողել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ կայացված հուլիսի 20-ի դատավճիռը, որով Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա, Արտակ Կարապետյանը՝ 3 տարվա, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ 2-ական տարվա ազատազրկման:
ՀԱԿ երիտասարդ ակտիվիստները մեղադրվում են 2011թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի մերձակայքում ոստիկանների հետ միջադեպի գործով: Տիգրան Առաքելյանը մեղադրվում է խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, Արտակ Կարապետյանը խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, իսկ Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը խուլիգանության մեջ: