«Երբ սկսվեց Արցախյան շարժումը, ո՞վ էր մտածում, որ Վիկտոր Համբարձումյանը հացադուլ կանի». Հայկ Հարությունյան

Տիեզերքն ընդհանրական տերմին է, որը վերաբերում է գոյություն ունեցող ամեն ինչին, այդ թվում՝ մոլորակներին, աստղերին, գալակտիկաներին: Տիեզերքում իր ուրույն տեղն ունի Արեգակը, և շատ ուսումնասիրողներ կարծում են, որ Արեգակը Երկիր մոլորակում կյանքի ստեղծման հիմքերից մեկն է: Իրականում ի՞նչ գաղտնիքներ ունի Տիեզերքը: Կփորձենք պարզել Բյուրականի աստղադիտարանի նախկին փոխտնօրեն, աստղաֆիզիկոս Հայկ Հարությունյանի հետ:

Պարոն Հարությունյան, իրականում ինչպե՞ս է ստեղծվել կյանքը: Շատ ուսումնասիրողներ նշում են, որ Արեգակի վրա բռնկում է եղել, և այդպես Երկիր մոլորակում ի հայտ են եկել մարդիկ:

– Կյանքի առաջացման պատմությունն ընդհանրապես բավականին երկար ճանապարհ է անցել, որովհետև դա կապված է անկենդան աշխարհից կենդանի բջիջների ստեղծման հետ: Եթե ավելի հետ գնանք, ապա դա արարչագործությունն է, բայց քանի որ որպես ֆիզիկոս, աստղագետ ենք խոսում, եկեք ասենք, թե ի՞նչ գոյություն ունի հիմա: Երկար ժամանակ կար այն տեսակետը, որ այդ անկենդան աշխարհից կենդանի բջիջների ստացման էներգիան տվել են կայծակները կամ հրաբուխները: Վերջին տասնամյակում սկսեց պարզ դառնալ, որ կարծեք թե այդ էներգիան բավարար չէ փոխակերպումն իրականացնելու համար, և շատ զարմանալիորեն նոր գաղափար առաջարկեց Բյուրականի աստղադիտարանի նախկին աշխատակիցներից Վլադիմիր Հայրապետյանը, ով աշխատում է ՆԱՍԱ-ում: Առաջիններից մեկն էր, որ ասաց՝ մեծ նշանակություն են ունեցել արեգակնային բռնկումները, որոնք մեծ քանակությամբ էներգիա են սփռում տարածության մեջ, և էներգիայի մի մասը հասնում է նաև Երկիր մոլորակին: Այսօր, ըստ երևույթին, չենք կարող ճշգրիտ ասել, թե ինչպես է: Իսկ այդ գաղափարը շարունակում է զարգանալ, բավականին լուրջ միջազգային համագործակցություն է ստեղծվել տարբեր երկրների միջև, նոր արդյունքներ են տպագրում:

– Տպավորություն է, որ գիտնականներն ամեն կերպ աշխատում են բացառել աստվածայինը:

Կարդացեք նաև

Մենք չգիտենք, թե ի՞նչ է նշանակում արարչագործություն: Հաճախ անունը դնում ենք Աստված, որը պատկերվում է ծեր պապիկի տեսքով, ու ասում ենք, որ մեզ էլ ստեղծել է իր կերպարանքով, բայց, այնուամենայնիվ, ոչ ոք դեռևս չի բացառել: Բանականությունը գոյություն է ունեցել նյութի հետ միասին, սա գաղափար է, որ «օդի մեջ» սավառնում է, բայց համարվում է շատ ավելի հեղափոխական, աստվածապաշտական, և նրանք, ովքեր փորձում են ցույց տալ իրենց՝ որպես «մաքուր» գիտնականներ, միշտ հեռու են մնում, ասում են՝ չի կարող պատահել: Մենք ունենք Տիեզերք, մի հետաքրքիր տիրույթ, որտեղ ամեն ինչն է՝ սկսած տարրական մասնիկներից:

Բյուրականի աստղադիտարանում ուսումնասիրում են Տիեզերքում անկայուն երևույթները:

Դա այն ուղղությունն է, որը Վիկտոր Համբարձումյանը ստեղծեց: Երկար ժամանակ համարվում էր, որ առաջացել են աստղեր, գալակտիկաներ, որոնք ապրում են իրենց կյանքը, մեռնում: Համբարձումյանն առաջիններից էր, որ ցույց տվեց՝ բոլոր այդ օբյեկտների կյանքի մեջ կարևոր դեր կատարում են անկայուն երևույթները, այսինքն, այն փոփոխությունները, որոնք կատարվում են հեղափոխական տեսքով: Երբ անզեն աչքով նայում ենք Արեգակին, գրեթե ոչ մի փոփոխություն չենք տեսնում, թվում է, թե նույն ձևով անընդհատ ճառագայթում է: Իրականում Արեգակի վրա անընդհատ կատարվում են հսկայական ֆիզիկական գործընթացներ, պայթյուններ, բռնկումներ, նյութի արտահոսք: Եվ պարզ դարձավ, որ այն ամենը, ինչ կատարվում է ցանկացած օբյեկտի ծնունդից հետո, ողջ կյանքի ընթացքում, տեղի են ունենում փոփոխություններ, որոնք պայմանավորում են նրա էվոլյուցիան: Բռնկվող աստղեր կան, որոնք իրենց հանդարտ ճառագայթումը կարող են պայծառացնել տասնյակ, հարյուր անգամ և մի քանի րոպե հետո գալ նախկին վիճակին, ասես ոչինչ չի եղել: Արեգակի վրա եթե այդպիսի բան լիներ, Երկիր մոլորակը միանգամից կվերանար: Կան աստղեր, որոնք շատ ավելի լուրջ բռնկումներ, պայթյուններ են ցույց տվել, դրանք կոչվում են նոր, գերնոր աստղեր:

Համբարձումյանն առնվազն երկու խոշոր ուղղություններ ստեղծեց, և աշխարհի գիտությունը գնաց այդ ուղղությամբ: Դրանցից մեկը նոր ծնվող աստղերի մասին գիտությունն էր, և այն ժամանակ ոչ ոք չէր հավատում: Հիմա որևէ աստղագիտական ինստիտուտ չկա, որ այդպիսի բաժին չունենա: Երկրորդը գալակտիկաների միջուկների ակտիվության վերաբերյալ էր:

Հատկապես 2000 թվականների սկզբին շատ էին խոսում աշխարհի վերջի մասին, և այդ խոսակցությունները, չգիտես՝ ինչու, համընկնում էին Արևի խավարման հետ: Ե՞րբ կլինի աշխարհի վերջը, կամ արդյո՞ք կլինի:

– Նույնիսկ Աստվածաշնչում է գրված, որ ոչ ոք չգիտի, թե ե՞րբ կլինի աշխարհի վերջը: Մարդու բնույթն է այդպիսին: Փնտրում է այնպիսի մի բան, որը կազդի մտքի վրա, մի տեսակ սենսացիա կառաջացնի: Աշխարհի վերջի մասին խոսում էին նույնիսկ 900-ական թվականներին, անգամ Քրիստոսի ծնունդից որոշ ժամանակ անց: Իսկ այս վերջին խոսակցությունները նաև բիզնես էին: Ամեն ինչ կապված է փողի հետ:

– Շատ էին խոսակցությունները նաև այլմոլորակայինների հետ կապված: Անգամ ասում էին, որ Երևանում մի կնոջ նրանք տարել են, օրգանները հանել, հետ բերել, ու նա այդպես ապրում է: Ընդհանրապես այլմոլորակայինների գոյությանը հավատո՞ւմ եք:

– Մի բան պետք է հասկանալ՝ Տիեզերքը ժամանակի և տարածության մեջ անվերջ է: Այսինքն, մեր հավատալուց կամ չհավատալուց ոչինչ կախված չէ: Բայց, եթե անվերջ է, դրա մեջ կարող է ամեն ինչ լինել: Այլմոլորակայիններ կարող են լինել, ոչ մեկը չի կարող ապացուցել, որ դրանք գոյություն չունեն: Արտերկրային քաղաքակրթությունների հետ կապի վերաբերյալ միջազգային շատ մեծ և առաջին գիտաժողովը եղել է Բյուրականի աստղադիտարանում: Հիմա քչերն են դրա մասին խոսում, քանի որ ամբողջապես կապված չէր Բյուրականի աստղադիտարանի գործունեության հետ: Ամերիկացի մի գիտնական կար՝ Կարլ Սագան, ով Համբարձումյանի հետ պայմանավորվեց, և որոշեցին անել ամերիկյան և խորհրդային գիտաժողով՝ այդ հարցի վերաբերյալ: Եթե մեր գալակտիկայում, ենթադրենք, 200 միլիարդ աստղ է, ամեն 10-րդի շուրջը պտտվում է 1-2 մոլորակ, 1000-ից մեկի մոտ կենդանական ինչ-որ բան կարող է առաջանալ, ինչո՞ւ ոչ: Մարդը, սակայն, այսպիսին է, փորձում է փնտրել այն, ինչ ինքն է, այսինքն, ջրի հիմքի վրա սպիտակուցային կյանք: Իրականում այն կարող է լինել ուրիշ տեսակի մի բան: Բրիտանացի աստղագետ և տիեզերաբան Ֆրեդ Հոյլը նաև ֆանտաստիկա էր գրում և շատ լավ մի գործ ունի, կոչվում է «Սև ամպը»: Այդ սև ամպը տիեզերական միջաստղային ամպ է, որը միշտ շարժվում էր, և հանկարծ հասկացան, որ դա բանականություն է, որովհետև գալիս է, աստղը շրջապատում, էներգիայով լիցքավորում, հետո այդ աստղը թողնում, գնում է: Եվ ի՞նչ են անում մարդիկ. մի կերպ հասկացնում են, որ այստեղ բնակելի մոլորակ կա, և եթե դու Արեգակը շրջապատես՝ նրանք կոչնչանան:

– Դուք ևս ստեղծագործում եք ֆանտաստիկայի ժանրում: Պատմվածքները նվիրված են աստղերին, գալակտիկաների՞ն:

– Չէ: Գեղարվեստական ստեղծագործությունը միշտ նվիրված է մարդուն: Ֆանտաստիկան պարզապես միջոց է, որ դու հերոսին գցես այնպիսի պայմանների մեջ, որը ոչ ֆանտաստիկ ժանրի դեպքում կհամարվի անհեթեթ: Երբ անունը դնում եք ֆանտաստիկա՝ իրեն կարողանում եք տանել աստղերի մոտ, առաջացնել իրադրություններ, որոնք սովորական կյանքում չեն լինում: Մարդ միշտ ուզում է ներքին ալեկոծությունը դուրս բերել, որ ուրիշները տեսնեն:

Վերջերս Համբարձումյանի հոր հուշերն էի նայում, այնտեղ կար մի դրվագ, որտեղ Հովհաննես Թումանյանը խնդրում է, որ Վիկտոր Համբարձումյանին իր մոտ ուղարկի:

– Այո, Հովհաննես Թումանյանի և Վիկտոր Համբարձումյանի հանդիպման ժամանակ ծնվում է գիշերային երկնքի ամենապայծառ աստղին՝ Սիրիուսին նվիրված բանաստեղծությունը: Մեր օրերում որքա՞ն հաճախ են գիտնական և ստեղծագործող հանդիպումներ լինում:

– Բավականին հաճախ, պարզապես, ցավոք, մեր օրերում չկա Թումանյան, և դժվար թե լինեն այն մակարդակի գիտնականներ, ինչպիսին Համբարձումյանն է: Երբ մահացավ Վիկտոր Համբարձումյանը, աստղագետներն ասացին՝ մահացավ վերջին խոշորագույն գիտնականը: Այդ մարդիկ իրականում ամեն ինչ էին: Վիկտոր Համբարձումյանը կարողանում էր սեմինարի ընթացքում, օրինակ, քիմիայի, այնպիսի հարցեր տալ, որ մասնագետը զարմանար:

– Վիկտոր Համբարձումյանը ոչ միայն մեծ գիտնական է, այլև մեծ հայրենասեր: Լենինգրադից երբ ցանկացել է գալ ՀՀ, ԳԱԱ նախագահ Հովսեփ Օրբելին հարցրել է, թե ինչո՞ւ է գալիս, այդտեղ ամեն ինչ ունի, նա պատասխանել է, որ՝ գալիս եմ հայերի հետ աշխատելու: Մեր օրերում դրսում գտնվող երիտասարդ կամ հայտնի գիտնականները չեն գալիս, ավելին՝ սպասում են, որ պետությունը բարձր աշխատավարձ տա, նոր գան: Այսինքն, գործ ունենք հայրենասիրության պակասի հե՞տ:

– Համբարձումյանին միշտ համարել եմ հերոս: Այո, նա թողեց Լենինգրադը, որտեղ ամեն ինչ կար՝ գիտությամբ զբաղվելու համար: Ինքը ճանաչված էր, բոլոր տեղերում ընդունում էին, և եկավ Հայաստան, որտեղ բացարձակապես ոչինչ չկար: Երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, ո՞վ էր մտածում, որ Համբարձումյանը ելույթ է ունենալու, Պոլիտբյուրոյի անդամների հետ վիճի և գնա հացադուլ անի: Ի դեպ, 1965թ. Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցն էր, Երևանում մեծ ցույցեր էին պատրաստվում: Օպերայում պետք է հանդիսավոր նիստ լիներ, և Համբարձումյանն է կարդացել առաջին զեկույցը, քանի որ միակ մարդն էր, ով շատ հարգված էր: Իր մեթոդներով գնահատել է նաև զոհերի թիվը:

Այդ օրը ցուցարարները հասան Օպերայի մոտ, պատուհանները ջարդեցին, ներս մտան, ու ցավալի բան կատարվեց. շպրտված քարերից մեկը դիպչել է Պարույր Սևակին: Մարդ, ով գրել է «Անլռելի զանգակատունը»:

Հիմա նույնպես կա Արցախի հարցը, բայց չտեսանք, որ որևէ գիտնական՝ լինի Հայաստանում թե արտերկրում, հացադուլ հայտարարի:

– Նա ամենադիվանագետ անձանցից մեկն էր, բայց Համբարձումյանի հացադուլ հայտարարելն այնքան կարևոր էր, դա գալիս էր իր հոգուց: Իր հացադուլ հայտարարելն ավելի երևացող էր, քան Զորի Բալայանինը կամ մյուսինը: Համբարձումյանի ծննդյան օրը Գորբաչովը նամակ էր ուղարկել՝ խնդրելով, որ դուրս գա հացադուլից: Նա ի՞նչ էր պատասխանել: Ասել էր, որ՝ եթե իսկապես ուզում է, որ դուրս գամ հացադուլից, գոնե պետք է տա նաև ինձ հետ հացադուլ հայտարարած ընկերների անունները: Ինչո՞ւ միայն ես: Եվ, եթե արդարությունը հաղթի, հացադուլը չի լինի: Աշխարհի տարբեր ծայրերում իմացան այդ մասին: Այսինքն, մարդը եթե մեծ է, մեծ են նաև նրա պարտականությունները ազգի առջև:

Տեսանյութեր

Լրահոս