«Ադրբեջանն արդեն պետք է հաշվի նստի Արցախի հետ՝ հայկական կողմը միայն Փաշինյանն ու իր անողնաշար վարչախումբը չեն». Արշակ Աբրահամյան

Ապրիլի 27-ից Արցախի Հանրապետությունում մեկնարկել է «Ոչ՝ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» ստորագրահավաք-շարժումը, որի նպատակն է՝ վերջ դնել Ադրբեջանի կողմից իրականացվող արցախահայության էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությանը, որին արցախահայությունը ենթարկվում է 44-օրյա պատերազմից հետո։

Ստորագրահավաք-շարժումը սկսելուց օրեր անց երիտասարդները նաև սկսել են վրանային ակցիաներ՝ վրաններ տեղադրելով Շուշիի մերձակայքում և Վերածննդի հրապարակում։

Իսկ երեկ՝ մայիսի 9-ին, շարժման նախաձեռնողները Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իրականացրեցին հանրահավաք, որի նպատակն էր՝  արժևորել նախկին հաղթանակները և միջազգային հանրությանն ասել՝ չեն պատրաստվում ենթարկվել Ադրբեջանի պահանջներին։

168.am-ի հետ զրույցում շարժման մամուլի պատասխանատու Արշակ Աբրահամյանն անդրադարձավ ստորագրահավաք-շարժման արդյունքներին և ասաց, որ Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքն այդ շարժման կուլմինացիոն ավարտը չէր, կա գործողությունների հստակ քարտեզ, որով էլ շարժվում են։

Կարդացեք նաև

«Մենք հայտարարել ենք, որ վրանային ակցիան  անժամկետ է, այնքան ժամանակ են վրանները մնալու, մինչև Ադրբեջանը չհանի ապօրինի տեղադրված մաքսակետը։ Սա մեր գործիքակազմերից մեկն է, այսինքն՝  այս պահին խաղաղ ակցիա է իրականացվում շարունակական։ Այդ ակցիաների վայրեր են գալիս տարբեր հասարակական-քաղաքական գործիչներ, որոնց մեջ կան ավագ սերնդի ներկայացուցիչներ, նրանք 90-ականներին արդեն անցել են այդ ճանապարհը, խորհրդակցում են, տարբեր քարտեզներ են մշակվում, հաշվի են առնվում բոլոր հնարավոր վտանգները և այլն։

Ստորագրահավաքն այս պահին էլ է շարունակվում, բայց մենք արդեն հայտարարել ենք, որ հավաքվել է 120 հազարից ավելի ստորագրություն, ստորագրահավաքը տեղի է ունեցել նաև օնլայն ռեժիմով։

Պատրաստվում ենք կարճ ժամանակ անց ստորագրությունները փոխանցել պատկան մարմիններին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներին՝ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ և Ֆրանսիա, ՌԴ նախագահին՝ որպես  Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող երկրի ղեկավարի, և 7 օր հետո եթե չլինեն առարկայական քայլեր, ապա արդեն կլինի մեր հաջորդ գործողությունը»,- շեշտեց Արշակ Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ ըստ ճանապարհային քարտեզի՝ պետք է հասկանան, թե այդ գործողությունն իրենց ինչ է տալու, և երկրորդը՝ Ադրբեջանի կողմից ինչ հակազդեցություն է  լինելու, և դրան ինչ պատասխան են տալու։ Այդ պատճառով էլ գնահատում են բոլոր ռիսկերը և պահի ազդեցության տակ որևէ գործողություն չեն անում։

«Երեկվա հանրահավաքն ամփոփում էր երիտասարդների նախաձեռնած ստորագրահավաքը, որով նաև իրենց խոսքը հղեցին ՀՀ քաղաքացիներին, թույլ չտալու Հայաստանի իշխանություններին ձեռքերը լվանալ Արցախից։ Այսինքն՝ մեր կողմից ևս մեկ մեսիջ եկավ Հայաստանի ազգային ուժերին, պայքարին նոր թափ հաղորդելու համար։ Շատ փակագծեր չեմ կարող բացել, բայց մենք արդեն հայտարարել ենք, որ ստիպված ենք լինելու դիմել բոլոր անհրաժեշտ միջոցներին, որպեսզի մեր հայրենիքում ապրելու իրավունքը պաշտպանենք, նաև մեր անկյունաքարային պահանջն այն է, որ ադրբեջանական մաքսակետը պետք է հանվի, մեր պահանջը հստակ է։

Ի վերջո, Ադրբեջանն արդեն պետք է հաշվի նստի Արցախի հետ՝ հասկանալով, որ հայկական կողմը միայն Նիկոլ Փաշինյանն ու իր անողնաշար վարչախումբը չեն»,- շեշտեց նա։

Միաժամանակ, Արշակ Աբրահամյանն ընդգծեց, որ Արցախում փոքրից մեծ ոտքի կանգնած են, ունեն հստակ գիտակցում ու պատասխանատվություն հայրենիքի առջև, պաշտպանելու են հայրենիքում ապրելու իրենց իրավունքն այնպես, ինչպես կկարողանան։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել էր Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Շրջափակման 138-րդ օրն ադրբեջանական «բնապահպանները» հայտարարեցին, որ ժամանակավորապես բացում են ճանապարհը, սակայն Արցախը շարունակում է  մնալ շրջափակված, քանի որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմն Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը զավթելուց հետո մաքսակետեր  տեղադրեց՝ շարունակելով Արցախը պահել տոտալ շրջափակման մեջ։

Տեսանյութեր

Լրահոս