Փակ խորհրդակցություն՝ Հովիկ Աբրահամյանի մոտ
Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը փակ խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը և ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Խորհրդակցությունը նպատակ է հետապնդել քննարկել նախագահական ընտրություններից հետո երկրում տիրող իրավիճակը:
Հանդիպման ավարտից հետո Ռ. Հակոբյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Նա փոխանցել է, որ իրենք են ԱԺ նախագահին առաջարկել հրավիրել արտահերթ նիստ, որպեսզի քննարկեն նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված իրավիճակը: «ԱԺ-ն այս պահին իրավունք չունի չանդրադառնալ այս հարցին: Մենք պետք է առաջարկենք, որ դա լինի բաց քննարկում՝ ուղիղ միացումով, որպեսզի ժողովուրդը լսի ներկայացվող տեսակետները»,- ընդգծեց Ռ.Հակոբյանը: Ըստ նրա՝ արտահերթ նիստը որևէ առնչություն չունի Երևանի Ազատության հրապարակում ընթացքող պայքարի հետ, մինչդեռ դրա հետագա զարգացումները, Ռ, Հակոբյանի խոսքով, կարող են պայմանավորվել ընդունված փաստաթղթով: Իսկ արտահերթ նիստ անցկացնելու մասին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՀԿ խմբակցությունը կքննարկի հարցը և առաջիկայում կտեղեկացնի իր դիրքորոշման մասին: