Թուրքիան շահագործման է հանձնել Նորվեգիայից գնած սեյսմիկ հետախուզական նավը
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նորվեգիայից 130 միլիոն դոլարով Թուրքիայի գնած Barbaros Hayreddin Paşa սեյսմիկ հետախուզական նավը փետրվարի 23-ին շահագործման է հանձնվել Ստամբուլում: Այդ արարողակարգին մասնակցել է նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:
Այդ նավն ունակ է երկչափ ու եռաչափ հետազոտություն անցկացնել՝ նավթի ու գազի հանքերի հետախուզական աշխատանքների համար: Թուրքիան պլանավորել էր կառուցել սեփական սեյսմիկ հետախուզական նավ, սակայն իշխանություններին ձեռնտու չի եղել նավի կառուցման ժամկետը՝ 2014 թվականի ավարտ:
Այդ պատճառով էլ որոշվել է գնել այն: Նավի շահագործման հանձնման արարողակարգի ժամանակ Էրդողանը հայտարարել է. «Մենք այս նավով իրականացնելու ենք մի շարք հետազոտություններ, նավը հագեցած է ամենաժամանակակից տեխնիկայով: Որոշ ժամանակ անց մենք շահագործման կհանձնենք նմանատիպ երկրորդ նավը»:
Փետրվարի 17-ին ջուրն էր իջեցվել թուրքական արտադրության առաջին գիտահետազոտանավը՝ TÜBİTAK Marmara-ն, որն իրականացնելու է օվկիանոսագրական, սեյսմիկ հետազոտություններ և զբաղվելու է նավթահանքերի փնտրտուքով:
Հիշեցնենք, որ Բարբարոս Հայրեդդին փաշան օսմանյան նավատորմում ծառայել է 1500-1545 թվականներին: Նա հանդիսանում է Օսմանյան պետության նավատորմի առաջին գերագույն հրամանատար և մեծ ծովակալ (մարշալ):