Բաժիններ՝

Սուդանից քաղաքացիների տարհանման համար Չինաստանը ներգրավել է ռազմածովային նավատորմը

Չինաստանն իր քաղաքացիներին Սուդանից տարhանելու համար ներգրավել է ռազմածովային ուժերի նավերը: Ըստ Չինաստանի ԱԳՆ-ի՝ նախքան այսօր երեկոյան հրադադարի ավարտը նախատեսվում է տարհանել շուրջ 800 մարդու: Այս մասին հաղորդում է BBC-ին:

Ապրիլի 25-ին 72-ժամյա հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո մի շարք երկրներ մեծացրել են մարդկանց տարհանելու ջանքերը: Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլևերլին նախազգուշացրել է, որ չի կարող կանխատեսել, թե ինչ կլինի, երբ ավարտվի հայտարարված հրադադարը: Նա Բրիտանիայի բոլոր քաղաքացիներին կոչ է արել առանց երկմտելու հեռանալ Սուդանից, քանի դեռ հրադադարն ուժի մեջ է:

Տասնյակ հազարավոր սուդանցիներ փորձում են երկրից դուրս գալ և ապաստան գտնել հարևան երկրներում, մասնավորապես՝ Հարավային Սուդանում, Չադում, Եթովպիայում, Եգիպտոսում և Ջիբութիում: BBC-ն նշում է, որ շատերը Սուդանի մայրաքաղաք Խարթումից տեղահանվել են ոչ միայն մարտերի, այլև ջրի, սննդի և այլ կենսական անհրաժեշտության ապրանքների, ինչպես նաև առողջապահական համակարգի կաթվածահար լինելու պատճառով:

Սուդանի բանակը և «Արագ աջակցության ուժերը», չնայած հայտարարված 72-ժամյա հրադադարին, մարտեր են մղել Խարթումի արվարձաններում: Բանակի հրամանատար գեներալ Աբդել Ֆաթթահ ալ Բուրհանը նախնական հավանություն է տվել ևս 72 ժամով երկարաձգել հրադադարը և պատվիրակ ուղարկել Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբա՝ բանակցությունների: Սակայն «Արագ արձագանքման ուժերը»՝ գեներալ Մոհամեդ Համդան Դագալոյի գլխավորությամբ, դեռ չեն արձագանքել:

Երկու նախկին դաշնակիցների միջև հակամարտություն է սկսվել, քանի որ նրանք տարաձայնություններ ունեն այն հարցի շուրջ, թե ինչպես պետք է ղեկավարվի երկիրը:

Ապրիլի 15-ից սկսված բախումների ընթացքում Սուդանում սպանվել է 512 քաղաքացիական անձ, շուրջ 4200-ը վիրավորվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս