Բաժիններ՝

Անձրևաջրերը խնդիր՝ Հայոց ցեղասպանության թանգարանի համար. ի՞նչ լուծում է առաջարկել կառավարությունը

Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ընթացիկ տարում կիրականացվեն վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ: Նախագծային փաթեթը պատրաստ է, ֆինանսավորումն՝ ապահովված: Կառավարությունը վարչական շենքի և թանգարանային շենքի համար նախատեսել է 260 մլն դրամ:

Թանգարանի վարչական մասնաշենքը շահագործման է հանձնվել 2015 թվականին, սակայն ջրահեռացման ու ջրամեկուսացման խնդիրները պատշաճ չեն լուծվել։ Հաջորդող յուրաքանչյուր տարիներին առաստաղից, պատերից կաթոցներն անպակաս են եղել։ Երբ սկսվում է անձրևային շրջանը, մի քանի աշխատասենյակներում կաթոցների հետևանքով աշխատանքը խաթարվում է։

«Այնպես է լինում, որ անձրևներից հետո մի քանի աշխատասենյակում ստիպված ենք լինում փակել համակարգիչը, որ ջուրը չվնասի։ Ունենք ֆոնդային երկու սենյակ, որոնց պատերը խոնավանում են, ինչը բնավ ցանկալի չէ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

Անձրևների հետևանքով աշխատակազմը ստիպված է նաև ցուցադրության բաժնում վերանայել որոշ մոտեցումներ։ Մասնավորապես, Ժանսեմի աշխատանքների ցուցասրահում կա հատված, որտեղ առաստաղը վերևից խոնավանում է, այդ իսկ պատճառով մի մեծ նկար տարվել է ֆոնդ։ Աշխատակազմը փորձում է իրավիճակին համընթաց գործողություներ ձեռնարկել, որպեսզի հանկարծ որևէ բան չփչացնեն։

Տարիների ընթացքում թանգարանը փորձել է խնդիրներին տեղային լուծում տալ, սակայն դա արդյունավետ չի եղել։ Թանգարանում կուտակված ենթակառուցվածքային խնդիրները համալիր լուծում են պահանջում։ Տնօրեն Մարությանը հիշում է՝ 2020 թվականի մայիսն էր, երբ հորդառատ անձրևոտ օրերը թանգարանում իրավիճակը ծայրահեղ դարձրին։ Թանգարանի տնօրինությունը հրավիրեց հոգաբարձուների խորհրդի անդամներից Արայիկ Հարությունյանին ու Վլադիմիր Վարդանյանին։ Նրանք տեղում ծանոթացան ստեղծված իրավիճակին։

«Պարոն Հարությունյանի խնդրանքով անմիջապես Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանից եկան մասնագետներ, որոշվեց, որ հիմնանորոգման նախագիծ է անհրաժեշտ։ Հարց բարձրացվեց նաև հուշահամալիրի վերաբերյալ, որովհետև բուն հուշարձանը կառուցվել է 1967 թվականին, և այնտեղ ժամանակին ջրահեռացում չի եղել կամ վատ է արվել, այսօր քարերը լավ վիճակում չեն։ Քննարկումների արդյունքում մասնագիտական համալիր մոտեցում մշակվեց»,-ասաց թանգարանի տնօրենը։

Մասնագիտական թիմի շնորհիվ կարճ ժամանակ անց ամբողջական նախագիծը պատրաստ էր։ Բարեկարգման ու վերանորոգման նախագծում ներառվել են հուշահամալիրը, թանգարանի կենտրոնական արևելյան, արևմտյան մասնաշենքերը, կանաչապատ գոտին և այլն։ Ֆինանսավորումն ապահովում է կառավարությունը։ Թանգարանի տնօրենը փաստում է՝ բարձրորակ աշխատանք է կատարվել։

«Վարչական շենքի և թանգարանային շենքի համար 260 մլն դրամ է նախատեսված: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մրցութային գործընթացների ուղղությամբ աշխատանքներ են ընթանում: Կարծում ենք, որ հուլիս ամսվանից մեկ տարի ժամկետով կիրականացվեն 2 մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքները»,-հավելեց Հարություն Մարությանը։

Տնօրինությունը լիահույս է, որ այս աշխատանքներից հետո թանգարանը նման խնդիրներ չի ունենա։ Հաջորդիվ՝ բուն հուշահամալիրի հիմնանորոգումն է։

Աննա Գզիրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս