Կանայք պետք է իրականացնեն լիարժեք զինվորական ծառայություն. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իգական սեռի կամավոր-պարտադիր ծառայության համակարգի ներդրումը կառավարության` պրոֆեսիոնալ բանակ ունենալու հայեցակարգից է բխում:
Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը փոփոխություններ և լրացումներ է առաջարկել «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում: Փոփոխություններով նախատեսվում է ներդնել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ:
Կառավարության նիստում հարցի զեկուցման ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց՝ կանանց համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետ է սահմանվելու 6 ամիս։
«Առաջին հայացքից կարող է թվալ, թե իրականում հակառակն է` ոչ պրոֆեսիոնալ բանակին ուղղված քայլ է, բայց իրականում հենց պրոֆեսիոնալ բանակին ուղղված է, որովհետև մենք ասում ենք, որ կանայք կամավոր կերպով կարող են զորակոչվել և պարտադիր 6-ամսյա ծառայություն անցնել։
Այս 6 ամսվա ծառայությունը լինելու է նորմալ ծառայություն. չի լինելու զբոսանք զորամասում»,– նկատեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ զորացրվելուց հետո կին զինծառայողները կհամալրեն ՀՀ պահեստազորը կամ ցանկության դեպքում կշարունակեն ծառայությունը` արդեն պայմանագրային մարտական զինծառայության:
Պաշտպանության նախարարը հայտնեց. «Օրենքի կիրարկումը տեղի կունենա ձմեռային զորակոչի ժամանակ»:
Կառավարությունը հաստատեց նախագիծը. այն առաջիկայում կներկայացվի խորհրդարանի քննարկմանը։