Նախատեսվում է ներդնել աղջիկների համար կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ

ՀՀ պաշտպանության նախարարությունը փոփոխություններ և լրացումներ է առաջարկել «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում: Փոփոխություններով նախատեսվում է ներդնել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ:

Կառավարության նիստում հարցի զեկուցման ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց՝ կանանց համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետ է սահմանվելու 6 ամիս։

«Սահմանվում է, որ դիմում ներկայացրած իգական քաղաքացիների վրա չեն տարածվում ընտանեկան պայմաններից ելնելով տարկետման և պարտադիր զինվորական ծառայությունից վաղաժամկետ արձակման հիմքերը։ Կարգավորումը նախատեսվել է այն տրամաբանությամբ, որ ծառայության 6-ամսյա ժամկետի ընթացքում որևէ իմաստ չկա իրականացնելու վաղաժամկետ արձակումը, քանի որ ընտանեկան պայմանների առկայությունը ստուգվում է մինչև նրանց զորակոչվելը»,- ասաց Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ կանայք, այդուհանդերձ, իրավունք կունենան ծառայությունից հրաժարվելու մինչև զորակոչվելու օրը։

Կանանց ծառայությունն անցնելու է բացառապես ուսումնական զորամասերում` առանց վիճակահանության։ Զորացրվելիս կանայք կստանան 1 մլն դրամ պատվո վճար, իսկ առողջության պատճառով զինծառայությունից վաղաժամկետ զորացրելու դեպքում՝ փաստացի ծառայած ամսիների դիմաց:

Կարդացեք նաև

Իգական սեռի ներկայացուցիչները 6 ամիս անց իրավունք կունենան «Պաշտպան հայրենյաց» ծրագրով անցնել 5 տարի ժամկետով պայմանագրային զինծառայության։

Տեսանյութեր

Լրահոս