«Եթե Թուրքիայում հաղթի ընդդիմությունը, ապա Արևմուտքի հետ կլինի 2-րդ մեղրամիսը». անգլիացի տնտեսագետ
Անգլիացի տնտեսագետ և «Blue Bay» կազմակերպության ստրատեգ, «Chatham House» ուղեղային կենտրոնի անդամ Թիմոթի Էշը պատասխանել է մայիսի 14-ին Թուրքիայում անցկացվելիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցերին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Եթե ընդդիմությունը հաղթի, ապա այս շրջանում Արևմուտքի հետ կլինի երկրորդ մեղրամիսը։ Տեսնելու ենք, որ արևմտյան մեծ կապիտալ կհոսի Թուրքիա»։
Թիմոթի Էշը, խոսելով Էրդողանի վարած քաղաքականությունից, նշել է, որ դրա պատճառով արևմտյան ներդրողները հեռանում են երկրից, իսկ 2018-ից սկսված ճգնաժամը գնալով խորանում է։
«Ընդդիմության հաղթանակի դեպքում բանկերը կվերադառնան և կարծում եմ՝ տնտեսությունում դրական քամի կփչի»։
Տնտեսագետը նաև ընդգծել է, որ Արևմուտքը լավ է ճանաչում ընդդիմության «տնտեսական անձնակազմին» և հարգում է նրանց, սակայն, երկմտել է, թե արդյոք ընդդիմադիր 6 կուսակցություն կազմված դաշինքը կկարողանա քաղաքական կայունություն ապահովել, թե՝ ոչ։