Ռուսաստանն անընդունելի է համարում Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը
Դեռ 2022 թվականի վերջին Հայաստանի կառավարությունը սկսել է Միջազգային քրեական դատարանի Հռոմեական կանոնադրության վավերացման գործընթացը։
Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմեական կանոնադրությանը (ստատուտին) միանալու Երևանի ծրագրերը։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի ԱԳՆ-ում իր աղբյուրին։
«Մոսկվայում բացարձակապես անընդունելի են համարում Միջազգային քրեական դատարանի հռոմեական կանոնադրությանը միանալու վերաբերյալ պաշտոնական Երևանի ծրագրերը՝ Ռուսաստանի ղեկավարության նկատմամբ վերջերս ՄՔԴ-ի անօրինական և իրավաբանորեն ոչինչ չներկայացնող «օրդերների» համատեքստում», – ասել է աղբյուրը:
Դեռ 2022 թվականի վերջին Հայաստանի կառավարությունը սկսել է Միջազգային քրեական դատարանի Հռոմեական կանոնադրության վավերացման գործընթացը։ Ինչպես նշել է միջազգային դատարաններում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, Երևանը նոր կարգավիճակով կկարողանա միջազգային քրեական դատարանի առջև բարձրացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի ու դրա բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների հարցը:
Հայաստանը ստորագրել է այդ փաստաթուղթը 1999 թվականի հոկտեմբերին, սակայն չի վավերացրել, քանի որ 2004 թվականի օգոստոսին Սահմանադրական դատարանն այն հակասահմանադրական է ճանաչել: Հաշվի առնելով, որ այդ ժամանակվանից Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է, Փաշինյանի կառավարությունը որոշել է վերանայել փաստաթուղթը։
Հավելենք՝ մարտի 24-ին ՀՀ սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, համաձայն որի` Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է երկրի հիմնական օրենքին։