Որքան քաղաքական գործիչ՝ այնքան կարծիք, ցանկություն՝ ուշադրություն հրավիրել սեփական անձի նկատմամբ այդ վառ հայտարարությամբ. Զախարովան՝ ՀՀ իշխանությունների՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ կարծիքների մասին

«ՀՀ ԱԳ նախարարի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում է»,- այս մասին այսօր ամենշաբաթյա բրիֆինգի շրջանակում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Հայաստանի ՀԱՊԿ անդամակցության վերաբերյալ դիտարկումներին և նույնիսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայաստանյան այցից հետո նրա պնդմանը, թե Երևանը նախկինի նման կարծում է, որ «ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից»:

Զախարովան ասաց, որ հենց վերջերս առաջին դեմքերի, մասնավորապես՝ ՀՀ ԱԳ նախարարի կողմից լսել են ուղիղ խոսք այն մասին, թե ինչ է Երևանը մտածում ՀԱՊԿ-ի մասին, ինչը պաշտոնական դիրքորոշում է:

«Մարդը լիազորված է անել նման հայտարարություններ: Ես նաև ուշադրություն կհրավիրեի այն հանգամանքի վրա, որ այդ հայտարարության և՛ տեքստը, և՛ տեսագրությունը տեղադրված են ԱԳՆ կայքէջում, հաստատվել է, որ  ՀՀ-ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հարցը մշակվում է: Սա՝ առաջին ու ամենակարևոր բլոկը:

Երկրորդը՝ որքան քաղաքական գործիչ՝ այնքան կարծիք ու մեկնաբանություն, ցանկություն՝ ուշադրություն հրավիրել սեփական անձի նկատմամբ այդ վառ հայտարարությամբ: Ես առաջին անգամ չեմ լսում հարց, թե ինչ է նշանակում ձևակերպումը՝ «ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից»: Ցանկանում եմ ևս մեկ անգամ ուղղել այդ հարցերը հայկական կողմին: Իմ կողմից կավելացնեի հարց՝ նրանք, ովքեր դա արտաբերում են, ինչպե՞ս են տեսնում ՀԱՊԿ-ի մուտքի գործընթացը ՀՀ, եթե նրանք ֆիքսում են ելքը: Ինչպե՞ս են նրանք ելքը տեսնում, չէ՞ որ ինչ-որ կերպ նրանք դա տեսնում են: Սա պարզապես՝ որպես միտք»,- ասաց Զախարովան:

Տեսանյութեր

Լրահոս