Բաժիններ՝

Վրաստանի կառավարությունը ոչ թափանցիկ որոշումներ է կայացնում․ TI

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ի (TI) փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարությունը որոշումները կայացնում է ոչ թափանցիկ ընթացակարգով։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ըստ TI-ի՝ 2022 թվականին Վրաստանի կառավարությունը 47 նիստերի ընթացքում քննարկել է 372 հրամանագրի նախագիծ, որոնցից ոչ մեկը մինչ օրս չի հրապարակվել։

Նրանց տվյալներով, փաստաթղթերը հնարավոր չէ ձեռք բերել նույնիսկ հանրային տեղեկատվության հարցումների միջոցով. վարչակազմը չի պատասխանել անցյալ տարի ստացած 47 նամակներից ոչ մեկին: Կազմակերպության պնդմամբ՝ ավելի քան 2 տարի է, ինչ իշխանությունն այլևս հաշվետու չէ հասարակությանը և որոշումները կայացնում է նման փակ ռեժիմով։

TI-ի խոսքով, այս մոտեցմամբ կառավարությունը ոչ միայն նվազեցնում է վստահությունն իր նկատմամբ, այլ կասկած է առաջացնում՝ նպատակը խնդրահարույց որոշումները թաքցնելն է։

«Կոչ ենք անում կառավարությանը հրաժարվել հրամանագրերը թաքցնելու վնասակար պրակտիկայից, կատարել օրենքի պահանջները և բոլոր փաստաթղթերը հրապարակել ինչպես իր պաշտոնական կայքում, այնպես էլ «Օրենսդրական տեղեկագրում», ինչպես նաև պահպանել հանրային տեղեկատվության տրամադրման մասին օրենքով նախատեսված բոլոր պահանջները»,- նշված է կազմակերպության հրապարակած տեղեկատվության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս