Ինչո՞ւ Ռուսաստանը չի դիմի ՄԱԿ ԱԽ՝ Արցախում միջազգային մեխանիզմ գործարկելու հարցով

Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում հերթական անգամ Ռուսաստանի Դաշնությանն առաջարկեց դիմել ՄԱԿ ԱԽ՝ Արցախում և Լաչինի միջանցքում միջազգային մեխանիզմներ կիրառելու նպատակով:

Փաշինյանը մասնավորապես ասաց, որ աշխատանքները շարունակվում են նաև Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու ուղղությամբ:

«Կարծում եմ, որ փաստահավաք առաքելությունը կարևոր է նաև՝ հասցեագրելու Ադրբեջանի անհիմն պնդումները, թե ՀՀ-ն ԼՂ-ում բանակ ունի և ՀՀ-ից ԼՂ ռազմական փոխադրումներ են իրականացվում: Այս պնդումներն անհիմն են, և Ադրբեջանը փորձում է դրանք տարածաշրջանային ռազմական էսկալացիայի նոր պատրվակ դարձնել, հետևաբար՝ միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը ԼՂ և Լաչինի միջանցք նաև այս առումով է անհրաժեշտություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ԼՂ-ում կա Պաշտպանության բանակ, որի գոյությունն արդարացված է, քանի դեռ ԼՂ ժողովրդի վրա կախված է էթնիկ զտումների և ցեղասպանության վտանգը:

«ՊԲ-ն ԼՂ ժողովրդի ցեղասպանության կանխարգելման միակ մեխանիզմը չէ, այդպիսի մեխանիզմ է նաև ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբը: Կարող ենք արձանագրել, որ ՌԴ-ն դեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ արձանագրել է, որ ԼՂ քաղաքացիական բնակչությանը վտանգ է սպառնում:

Հույս ունենք, որ ՌԴ-ն իր գործառույթը կկատարի լիարժեք, բայց եթե մեր բարեկամ և դաշնակից ՌԴ-ն որևէ օբյեկտիվ պատճառով չի կարող այդ դերակատարումն իրականացնել, ապա պետք է դիմի ՄԱԿ ԱԽ՝ ահազանգելու Լաչինի միջանցքում և ԼՂ-ում լրացուցիչ միջազգային մեխանիզմներ գործարկելու մասին»,- ասել է Փաշինյանը:

Դեկտեմբեր ամսին ևս Փաշինյանը խոսել էր ռուս խաղաղապահներին միջազգային մանդատով օժտելու կամ միջազգային զորախումբ Արցախ ուղարկելու մասին՝ նշելով, որ եթե Ռուսաստանը չի կարողանում ապահովել Արցախի անվտանգությունը, ապա պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ ռուս խաղաղապահներին միջազգային մանդատով օժտելու, կամ Արցախ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի։

Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ԼՂ-ում ռուս խաղաղապահների գործունեությունը կարգավորվում է միմիայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, քանի որ հաստատված չէ եռակողմ այլ փաստաթուղթ կամ մանդատ կողմերի կողմից, որը մանրամասներ է պարունակում ռուս խաղաղապահների գործողությունների, լիազորությունների շրջանակի վերաբերյալ:

Իսկ այդ մանդատը, նրա խոսքով, չի հաստատել Ադրբեջանը, թեև Ռուսաստանը, ըստ որոշ տեղեկությունների, եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո սկսել է աշխատել այդ մանդատի հաստատման ուղղությամբ:

«Բայց նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակում խաղաղապահները կատարում են ընդհանուր առմամբ իրենց գործառույթները: Ֆորսմաժորային իրավիճակների հաղթահարումը, խաղաղապահների հնարավոր գործողությունները, պատասխանը պետք է նկարագրված լիներ մանդատում, որը, փաստորեն, չկա, ինչը ռուսական կողմին դրել է անընդհատ բանակցելուն այլընտրանք չունենալու հարցի առջև: Ի դեպ, սա Ռուսաստանի կողմից ստեղծված իրավիճակ չէ: Ցանկացած չհամաձայնեցված քայլ ԼՂ-ում խաղաղապահների կողմից նրանց կարող է դարձնել կողմ կամ վերջնականապես հեղինակազրկել՝ տեղում նրանց հեռանալու հարցը բարձրացնելու հեռանկարով:

Սակայն, միևնույն ժամանակ, ՄԱԿ ԱԽ-ում նման հարց բարձրացնելը ՌԴ-ի կողմից նշանակում է ընդունել, որ չկա հնարավորություն լուծելու առաջացող խնդիրները: Բացի այդ, ՌԴ-Արևմուտք ներկայիս իրավիճակում այս հարցը ՌԴ-ի կողմից ՄԱԿ ԱԽ տանելը նշանակում է ընդհանրապես հրաժարվել խաղաղապահությունից, քանի որ, եթե խոսենք միջազգային մանդատի հաստատման մասին, ապա այն չի հաստատվի, իսկ բազմազգ մանդատի կամ միջազգային մեխանիզմի հարցի արծարծումը նշանակում է, որ ՌԴ-ն ինքնակամ հրաժարվում է խաղաղապահ առաքելությունից, ինչն անմիտ է:

Ինչո՞ւ պետք է այդ հարցը ՌԴ-ն բարձրացնի: Ուստի, հենց այս ամենից ելնելով՝ ես չեմ կարծում, թե այս հարցը Ռուսաստանը կբարձրացնի, այն էլ՝ ՄԱԿ ԱԽ-ում, որտեղ ՌԴ դիրքերն ամենալավերից չեն, հատկապես այսօր»,- մեկնաբանեց Խրամչիխինը:

Նրա խոսքով՝ այդ հարցը կարող է բարձրացնել պաշտոնական Երևանը, և անհասկանալի է, թե ինչու չի անում, երբ եռակողմ համաձայնագրի ստորագրողներից մեկը ՀՀ-ն է:

Տեսանյութեր

Լրահոս