Ինչո՞ւ է Փաշինյանը զանգահարել Պուտինին
Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի շարունակական արևմտամետ նկրտումների ֆոնին տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը:
Վերջին նմանատիպ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել փետրվարի 23-ին, կրկին հայկական կողմի նախաձեռնությամբ: ՀՀ կառավարության փոխանցմամբ, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը, և այս համատեքստում Փաշինյանն անդրադարձել է մարտի 5-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ահաբեկչական գործողությանը և դրա հետևանքներին: «Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հաղթահարման համատեքստում ՀՀ վարչապետը կարևորել է ՌԴ-ի կողմից հասցեական արձագանքը»,- ասված է հաղորդագրությունում:
ՀՀ կառավարության փոխանցմամբ՝ մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությունների իրականացմանը վերաբերող հարցեր:
Ըստ Kremlin.ru-ի հաղորդագրության՝ դիտարկվել են 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հայտնի համաձայնագրերի ամբողջ համալիրի իրականացման գործնական ասպեկտները, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման, տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ուղղված քայլերը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցը: «Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ Վլադիմիր Պուտինն ընդգծել է բոլոր ի հայտ եկած խնդիրների՝ կառուցողական եղանակով կողմերի և ռուս խաղաղապահների միջև սերտ շփման և փոխգործակցության լուծման անհրաժեշտությունը»,- ասված է ռուսական կողմի տարածած հաղորդագրությունում:
Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը մեզ հետ զրույցում ասաց, որ չնայած ՀՀ-Արևմուտք հարաբերությունների ակտիվացմանը, որը վերջին շրջանում է՛լ ավելի ինտենսիվ բնույթ է սկսել կրել, Ռուսաստանը շարունակում է Հարավային Կովկասում առանցքային դերակատարություն ունենալ, որը թույլ չի տալիս անտեսել կամ ՀՀ արտաքին քաղաքական կոնտակտներից դուրս դնել Ռուսաստանին: Չնայած այն հանգամանքին, ըստ փորձագետի, որ Ռուսաստանն անձամբ առանձնապես մեծ շահագրգռություն չի ցուցաբերում և չի փորձում կամք պարտադրել:
«Ռուսաստանում հստակ տեսնում ու հասկանում են, թե Ուկրաինայում տեղի ունեցողի ֆոնին որ ռեգիոնում ինչ է կատարվում, սակայն այդ ամենին ներկայումս արձագանքելու իմաստ չեն տեսնում, քանի որ ներկայումս ՌԴ արտաքին քաղաքականությունը կենտրոնացած է մեկ ուղղության վրա, դա Ուկրաինան է: Բայց Ռուսաստանի ազդեցությունը, որքան էլ Ռուսաստանում շատ են քննարկումները, թե ինչու է Ռուսաստանին հարկավոր այդ ազդեցությունը, որքան ռեսուրս ու ծախս է այն պահանջում, որքանով է դա արդարացված, մեկ օրվա կամ մեկ տարվա հարց չէ: Եվ այս հեռախոսազանգերը դա են ցույց տալիս, որ աշխարհաքաղաքական գործընթացները կանխորոշված չեն, ապագա զարգացումներն էլ հստակ չեն: Ուստի ՌԴ-ն, թեև պասիվ, պահպանում է իր ազդեցությունը և ցանկության դեպքում կարող է ավելի ակտիվ դերակատարություն ստանձնել ռեգիոնալ բոլոր գործընթացներում: Պարզապես դա կողմերը հասկանում են, հասկանում են, որ այս ամենը կարող է ժամանակավոր լինել»,- ասաց նա: