Իսրայելում ընթանում են երկրի պատմության ամենամաշտաբային ցույցերը
Հարյուր հազարավոր իսրայելցիներ բողոքի ակցիա են իրականացրել՝ ընդդեմ դատական համակարգը վերակազմավորելու կառավարության ծրագրերի, որը, ըստ կազմակերպիչների, երկրի պատմության մեջ ամենամեծ փողոցային բողոքի ակցիան է, գրում է Haaretz-ը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պնդում է, որ փոփոխությունները, որոնք կսահմանափակեն դատարանների լիազորությունները, կվերականգնեն հավասարակշռությունը իշխանության ճյուղերի միջեւ։
Ընդդիմախոսներն ասում են, որ կառավարության ծրագրերը սպառնում են ժողովրդավարությանը:
Շաբաթ օրվա հանրահավաքներից մեկում ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը տեղի ունեցողն անվանել է Իսրայելի «ամենամեծ ճգնաժամը»։
Շաբաթ օրը բողոքի ակցիայի կազմակերպիչները հայտնել են, որ Իսրայելի ողջ տարածքում փողոց է դուրս եկել մինչեւ 500 հազար ցուցարար:
Մոտ 200 հազար մարդ հավաքվել է Թել Ավիվում՝ շատերը Իսրայելի ազգային դրոշով։
Շաբաթ օրը հյուսիսային Հայֆա քաղաքում երթի է դուրս եկել ռեկորդային՝ 50 հազար մարդ:
Իսրայելում իրավական բարեփոխումների նպատակն է ընտրված կառավարությանը վճռական ազդեցություն տալ դատավորների ընտրության եւ սահմանափակել Գերագույն դատարանի կարողությունը՝ գործադիր իշխանության դեմ որոշում կայացնելու կամ օրենքները բեկանելու հարցում:
Այս հարցը խորը պառակտում է առաջացրել իսրայելական հասարակության մեջ եւ, որ ամենակարեւորն է, հանգեցրել է նրան, որ իսրայելական զինված ուժերի ողնաշարը հանդիսացող պահեստայինները սպառնում են հրաժարվել ծառայությունից՝ իրենց բողոքն արտահայտելու նպատակով։