«Իրավիճակն այնպիսին էր, որ Կարապետյանն իրեն տրված իշխանությունը չկարողացավ պահել». Էդուարդ Շարմազանով
«Չի՛ կարող մարդ ուրիշների օգնությամբ իշխանություն ստանալ ու էդ ուրիշների կամակատարը չլինել: Ակնհայտ էր դա ամբողջովին: Մենք ուղղակի մեզ զսպում էինք, ասում էինք՝ միգուցե, միգուցե, միգուցե…»,- օրերս իր «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Այդ պարագայում ինչո՞ւ Սերժ Սարգսյանը թույլ տվեց այդ կամակատարին հասունանալ այն աստիճան, որ հավակնի դառնալ Հայաստանի վարչապետը, 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հարցրեցինք Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովին։
Ի պատասխան՝ վերջինս նշեց.
«Որովհետև Հայաստանի նման երկրներն ունեին ռեսուրսների խնդիր. Հայաստանի և մեր իշխանության ռեսուրսը շատ ավելի քիչ էր ու աննշան՝ պանթուրքիստական և այլ միջազգային կենտրոնների ռեսուրսների համեմատ։ Մեր որոշ գործընկերների, միգուցե, նաև դաշնակցի մոտ որոշ շերտերի էլ ձեռնտու չէր ուժեղ և անկախ Հայաստանը»։
Շարմազանովը հիշեցրեց՝ Սերժ Սարգսյանն իշխանությունը հանձնել է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ վարչապետի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանին։
«Կարեն Կարապետյանն իր կամքով է համաձայնել ընդունել, Սերժ Սարգսյանն էլ իշխանությունը հանձնել է նրան։ Ես չեմ ուզում մեղադրել Կարապետյանին, ասել, թե հանձնեց իշխանությունը, որովհետև պարզ է, որ իրավիճակն այնպիսին էր, որ Կարապետյանն իրեն տրված իշխանությունը չկարողացավ պահել»,- ասաց Շարմազանովը։
Մանրամասները՝ տեսանյութում։