Բաժիններ՝

Գերմանիան ավելացրել է նոր զինծառայողների թիվը՝ հաշվի առնելով Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունները

Ուկրաինայի դեմ ՌԴ-ի լայնամասշտաբ պատերազմի ֆոնին Գերմանիայում ավելացել է նոր զինծառայողների թիվը։ 2022 թ.-ին Բունդեսվերում ծառայության է անցել 18 775 մարդ, ինչը 12 %-ով ավելի է, քան մեկ տարի առաջ:

Նշվում է, որ այսօր նման տվյալներ է հրապարակել Գերմանիայի պաշտպանության նախարարությունն՝ ի պատասխան dpa գործակալության հարցման: Դրա հետ մեկտեղ նշվում է, որ համավարակից առաջ նորակոչիկների թիվն է՛լ ավելի մեծ էր. 2019 թ.-ին Բունդեսվեր է ընդունվել 20 170 մարդ։

Անցյալ տարի Գերմանիայի զինված ուժեր ընդունվածներից 9171-ը եղել Է պայմանագրային զինծառայող, 8623-ն անցել է կամավոր զինվորական ծառայության (7-ից մինչև 23 ամիս տևողությամբ), իսկ 981-ը՝ պահեստազորի պատրաստման ծրագրով։

Զորակոչիկների 17 %-ը կազմել են կանայք (համավարակից առաջ՝ 15 %-ը): Անչափահասների բաժինը 2019 թ.-ի 8,5 %-ից աճել է մինչև 9,4 %: ՊՆ-ում ընդգծել են, որ մինչև 18 տարեկան անձինք չեն կարող իրականացնել այնպիսի ծառայություն, «որը կարող է հանգեցնել զենքի ինքնուրույն օգտագործման անհրաժեշտության»։

Բացի այդ, Բունդեսվերի հրամանատարությունը հատուկ ուշադրություն է դարձնում այն ​​փաստին, որ 17-ամյա երիտասարդներից ծառայության ընդունվեն միայն նրանք, ովքեր հանգամանորեն ուսումնասիրել են զինվորական մասնագիտության պահանջները և համապատասխանում են դրան։ 2011 թ.-ին Գերմանիայում վերացվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունը (դրա ներմուծումից 55 տարի անց)։

Գերմանիայի պաշտպանության նոր նախարար Բորիս Պիստորիուսը պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո այս որոշումը որակել Է սխալ, որը հնարավոր չէ արագ շտկել։ Իր հերթին, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը փետրվարին մերժել Է պարտադիր զինվորական ծառայության հնարավոր վերադարձի շուրջ բանավեճերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս