Շվեդիան և Ֆինլանդիան առաջին անգամ կմասնակցեն ՆԱՏՕ-ի հակաճգնաժամային զորավարժություններին
Ֆինլանդիան և Շվեդիան, որոնք ունեն ՆԱՏՕ-ի հրավիրված անդամի կարգավիճակ, առաջին անգամ կմասնակցեն դաշինքի ամենամյա ճգնաժամային կառավարման CMX 2023 զորավարժություններին:
Նշվում է, որ Լիտվայի կառավարության գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ մարտի 9-15-ը նախատեսված զորավարժությունների ընթացքում քաղաքացիական և զինվորական անձնակազմն ուսուցում կանցնի ճգնաժամային կառավարման ոլորտում։ Դրանց կմասնակցեն Լիտվան և ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցները։
Զորավարժությունների ընթացքում Լիտվան կաշխատի ամրապնդել համագործակցությունը դաշնակիցների հետ և բարձրացնել պատրաստությունը հնարավոր ճգնաժամային իրավիճակները կառավարելու համար, նշել են գրասենյակում։ Զորավարժությունների ընթացքում կմշակվի քաղաքացիական-ռազմական բարդ սցենարներին հակազդումը հիբրիդային միջավայրում, ընդգծվում է հաղորդագրության մեջ։
Զորավարժություններին չեն մասնակցի դաշնակիցների տեղաբաշխված ուժերը: Նման զորավարժություններն անցկացվում են 1992 թվականից։ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան խորհրդին միանալու արձանագրություններն ստորագրել են 2022 թվականի հուլիսի 5-ին։ Այս պետությունները ՆԱՏՕ-ին կմիանան այն ժամանակ, երբ դաշինքի անդամ բոլոր պետություները վավերացնեն անդամակցության արձանագրությունները։ ՆԱՏՕ-ի 30 երկրներից միայն Թուրքիան և Հունգարիան դեռ չեն վավերացրել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հայտերը։