Բաժիններ՝

Մշակույթի ոլորտում մեծապես կարևորվում է կանանց դերը. Գրողների միությունում կայացավ հանդիպում կին ստեղծագործողների հետ

Մշակութային գործիչները բարձր են գնահատում մշակույթի ոլորտում կին գործիչների դերը:

Կանանց միջազգային օրվա առթիվ Գրողների միության կին ստեղծագործողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ընդգծեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

«Շնորհավորում եմ կանանց և աղջիկների տոնը: Այն տղամարդկանց սիրելի տոներից է: Մեր հայ կանայք հատկապես շատ ծանր ժամանակներ են անցկացրել, սակայն մաքառելով հաղթահարել են ամեն ինչ: Ցանկանում եմ, որ կնոջ այդ ուժը միշտ պահպանվի: Կանայք այսօր մեծ և պատասխանատու գործ են կատարում մեր երկրում: Գրականության մեջ վերջին տարիներին ևս բավականին լավ գրող կանայք, աղջիկներ ունենք: Կին գրողների տեսակարար կշիռը հատկապես երիտասարդության շրջանում ավելացել է»,-ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Գրողների միությունն ամեն տարի երիտասարդ գրողների խորհրդակցություն է անցկացնում, և Միլիտոնյանի համար տեսանելի է, որ հիմա ավելի շատ կանայք, քան տղամարդիկ են զբաղվում գրականությամբ: «Կանանց դերը գրականությունում մեծապես կարևորում եմ: Շատ լավ գրքեր են հրատարակում, ստեղծագործում են նաև մեր գրական մամուլում: Նրանց դերը մեծ է նաև հրապարակախոսությունում, թարգմանական արվեստում: Կանայք զգալի գործ են կատարում մշակույթի ոլորտում»,-նշեց նա:

Միջոցառման ընթացքում տոնի կապակցությամբ ընթերցվեցին մի շարք բանաստեղծություններ, ինչպես նաև ստեղծագործող, քահանա Վահան Անդրեասյանը երգեց մի շարք ստեղծագործություններ:

Հայաստանի գրողների միության անդամ, մանկավարժ, ստեղծագործող Նարինե Ավագյան նշեց, որ այս օրը նույնատեսակ զգացողություններ է առաջացնում բոլորի մոտ՝ անկախ սեռից: «Այսինքն, այս օրը ոչ միայն տղամարդկանց մոտ է առաջացնում ուշադրություն դեպի իրենց կանայք, այլ գիտենք, որ մարտի 8-ը նաև մայրության տոնն է և, օրինակ, ես տարիքից անկախ, այդ օրը մայրիկիս հետ կապված նույն ապրումներն եմ ունենում ինչ 6-7 տարեկանում: Եվ կարծում եմ, որ նման միջոցառումները շատ կարևոր են, որովհետև մի փոքր ավելի գնահատված լինելու առիթները և նման միջոցառումների առկայությունը ավելի պարտավորեցնում և հիշեցնում են, թե ինչպեսի առաքելություններ ունենք մենք»,- ասաց Նարինե Ավագյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս