Պապիկյան Սուրենի էժանագին քայլը. ինչո՞ւ գեներալ-մայորին ազատեցին աշխատանքից
Նախորդ շաբաթ Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Պապիկյան Սուրենը աշխատանքից ազատեց Պաշտպանության նախարարի խորհրդական, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանին, մարդու, որն իր կյանքի 35 տարիները նվիրել է Զինված ուժերին, մեծ ներդրում է ունեցել բանակաշինության գործում, մասնակցել է արցախյան առաջին պատերազմին: Անձնուրաց ծառայության համար նա պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով: ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառաւյությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
Գեներալը նաև հեղինակ է գիտական, հրապարակախոսական հոդվածների, պատմվածքների:
Նման կենսագրություն ունեցող զինվորականի կողքին անհարմար է նույնիսկ նշել Պաշտպանության նախարարի աթոռը զբաղեցնող Պապիկյան Սուրենի կենսագրությունը, բայց պատկերն ամբողջական լինելու համար նշենք:
Պատմության ուսուցիչ, Երևանի ավագանու անդամ, 2018-ին Գյումրիից Նիկոլ Փաշինյանի հետ քայլել է Երևան, որից հետո 3 տարում 3 ամենաբարձր պաշտոնների տեր է դարձել: Ծառայության տարիներին սպային հարվածելն ու դատվածություն ունենալն էլ, որի մասին հենց ինքը՝ Պապիկյան Սուրենն է ասել, բոնուս:
Իսկ հիմա ամեն բան սկզբից. ինչո՞ւ Պապիկյան Սուրենը նման քայլի գնաց՝ աշխատանքից ազատելով միայն իր տարիքի չափ Զինված ուժերում ներդրում ունեցած գեներալին:
Եվ այսպես:
44-օրյա պատերազմից շուրջ 2.5 տարի է անցել, սակայն Հայաստանի Հանրապետության տարբեր դիահերձարաններում շարունակում են մասունքներ մնալ: Խոսքը 80-ից ավելի մասունքների մասին է, որոնց մեծ մասը նույնականացվել է, և ԴՆԹ փորձաքննությունը ցույց է տվել, որ համընկնում կա ծնողների հանձնած ԴՆԹ-ի հետ:
Ծնողները, սակայն, տարբեր պատճառներով հրաժարվում են ընդունել մասունքները՝ հիմնականում նշելով, որ չեն հավատում փորձաքննության արդյունքներին:
Եվ դժվար է մեղադրել այդ ծնողներին, քանի որ եղել են դեպքեր, երբ ծնողներին իրենց զավակներից 3 ոտք են տվել… Ավելի սարսափելի դեպքեր էլ են եղել, երբ ծնողին վստահեցրել են, որ տվյալ մասունքը կրկնակի փորձաքննություն է ենթարկվել, որ այն 100 տոկոսով իրենց որդու մասունքն է, բայց հուղարկավորությունից օրեր անց ծնողները Մեծամորի դիահերձարանում գտել են իրենց որդու ամբողջական մարմինը և, ստիպված՝ արտաշիրիմում են արել: Այնուհետև արտաշիրիմում արված ոսկորը տվել են մեկ ուրիշ ծնողի, այս անգամ էլ նրան վստահեցրել, թե նրա որդունն է: Ի դեպ, այս մասին ծնողները փաստերով ներկայացրել էին 168.am-ին, նաև տեսանյութ են տրամադրել, որտեղ երևում են արտաշիրիմման կադրերը, ավելին, ծնողը, որը գտել էր իր որդու ամբողջական մարմինը և արտաշիրիմում արել, մեզ հետ զրույցում ևս հաստատել էր այդ տեղեկությունը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դեռ 1 տարի առաջ` 2022 թվականի փետրվարի 17-ին, Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցւոմ անդրադարձել էր այս հարցին:
«Եղբայրական գերեզմանի վերաբերյալ միտք, ծրագիր չկա և չի կարող լինել: Քանի որ դրանք նույնականացված դիեր են, ապա կարող են առանձին հստակ կերպով ապահովել ճանաչելիությունը և ունենալ անհատական գերեզմաններ։ Համապատասխան մարմինների խորհուրդը ըստ այդմ որոշում կկայացնի` հաշվի առնելով հարցի նրբազգաց լինելը»,- ասել էր Ավանեսյանը՝ հստակ ժամանակ չնշելով:
168.am-ը վերջերս՝ հունվարի 27-ին, 2020 թվականի 44-օրյա պատերազմում անհետ կորած համարվող ծնողներից ահազանգ էր ստացել, որ իրենց տեղեկություններով՝ դիահերձարաններում գտնվող մասունքները, որոնք ԴՆԹ փորձաքննությամբ համընկել էին իրենց ԴՆԹ-ի հետ, պատրաստվում են հողին հանձնել: Ծնողներին ոչ թե այդ քայլն էր զայրացրել, այլ այն, որ այդ մասով պաշտոնական որևէ հայտարարություն չկա, կցկտուր խոսակցություններ են լսել տարբեր գերատեսչություններից, բայց իրենց մտահոգող հարցին սպառիչ պատասխան տվող չկա՝ արդյոք մասունքները հողին հանձնելուց հետո անհատական շիրմաքար լինելո՞ւ է, թե՞ ոչ, շիրմաքարի վրա իրենց տղաների անունները հո չե՞ն գրելու, և այլն: Նրանք փորձում էին այդ հարցերի պատասխանը լրատվամիջոցի օգնությամբ իմանալ, պատրաստվում էին անգամ գնալ Առողջապահության նախարարություն և Պաշտպանության նախարարություն և 2 նախարարներին իրենց վրդովմունքը հայտնել, ակցիաներ իրականացնել:
168.am-ն օրեր շարունակ փորձեց կապ հաստատել Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանի հետ, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց, քաղաքային հեռախոսահամարով ևս պատասխանող չեղավ: Ուստի փետրվարի 2-ին գրավոր հարցում ուղարկեցինք Առողջապահության նախարարին: 10 օր է անցել, սակայն հարցման պատասխանը դեռ չենք ստացել:
Եվ, ահա, զոհվածների ծնողները փետրվարի 4-ին մեզ հայտնեցին, որ իրենց տեղեկություններով՝ մասունքները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում են հուղարկավորելու, և եթե մինչև երկուշաբթի որևէ պաշտոնյա տեղեկություն չհրապարակի, իրենց բողոքի ակցիան նաև պանթեոնի տարածքում կիրականացնեն:
168.am-ը նույն օրը կապ հաստատեց Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանի հետ, որը 44-օրյա պատերազմից հետո ծառայություն է իրականացնում նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքում: Հարցրեցինք, թե արդյոք տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, որ մասունքները պանթեոնի տարածքում են ամփոփվելու: Գեներալը հաստատեց զոհվածների ծնողներից մեր ստացած տեղեկությունը, սակայն նշեց, որ քարերի վրա ոչ մի անուն-ազգանուն չի նշվելու, միայն ԴՆԹ կոդ: Անգամ առաջարկեց տեղում ցույց տալ տարածքը, որը բարեկարգվելու է հենց այդ նպատակով:
168.am-ը նույն օրը ծնողներին տեղեկացրեց, որ շիրմաքարերի վրա անձնական տվյալներ չեն գրվելու, ինչը փոքր-ինչ հանգստացրեց նրանց: Փաստացի գեներալն իր այդ քայլով նախ պատշաճ տեղեկություն տվեց, ապա այդպիսով կանխեց սրբավայրի տարածքում, ինչպես նաև Առողջապահության նախարարի և Պաշտպանության նախարարի դեմ իրականացվելիք ակցիաները:
Արդեն երկուշաբթի՝ փետրվարի 6-ին, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 168.am-ին ներկայացրեց մասունքների ամփոփման համար ընտրված տեղը՝ ասելով, որ հարցը դեռ նախորդ տարվանից է Կառավարությունում քննարկվել:
Իսկ հիմա, ուշադրություն. այս հարցազրույցից 3 օր անց՝ փետրվարի 9-ին, Պապիկյան Սուրենի հրամանով Արցախի հերոս, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Ի դեպ՝ Պապիկյան Սուրենը հարկ չէր համարել անձամբ այդ մասին հայտնել գեներալին, հավանաբար ամոթի զգացումը թույլ չէր տվել նայել գեներալի աչքերին:
Փետրվարի 10-ին 168.am-ը կապ հաստատեց Վարդան Ավետիսյանի հետ, ճշտելու, թե ո՞րն է եղել նրա ազատման պատճատը, գեներալը պատասխանեց՝ «չգիտեմ, կողքից եմ իմացել»:
ՊՆ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները, սակայն, մեզ ասացին, որ գեներալին պաշտոնից ազատելու պատճառ է հանդիսացել «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքում 168.am-ին նրա հարցազրույց տալը:
Այն, որ այս իշխանություններն անհեթեթ տարբեր պատճառաբանություններով փորձառու զինվորականների են ազատել պաշտոններից՝ 44-օրյա պատերազմից առաջ և հետո՝ քաղաքական և այլ նպատակներով, նորություն չէ, բայց սրբավայրի տարածքում առանց որևէ քաղաքական ենթատեքստի հարցազրույց տալու համար պաշտոնից ազատել 35 տարի իր կյանքը բանակին նվիրած գեներալին, խոսում է նրանց էժանագին որակների և բանակը փորձառու մասնագետներից «մաքրելու» նրանց մղումների մասին:
Ի դեպ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը առաջին անգամ չէր, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 168.am-ին հարցազրույց էր տալիս: 2021 թվականին, երբ պանթեոնի տարածքում ընթացող շինաշխատանքների վերաբերյալ համացանցում կադրեր և գրառումներ էին հրապարակվել, որտեղ դժգոհում էին, թե տղաների վրա երկաթ-բետոնե շինություններ են կատարում, Վարդան Ավետիսյանը ծանոթացրել էր կատարվող աշխատանքներին, պարզաբանել, թե դրանք ինչ նպատակով են արվում, ինչը հանդարտեցրել էր լարված իրավիճակը:
Ուշագրավ է, որ Պապիկյան Սուրենի պաշտոնավարման ընթացքում բանակում բազմաթիվ մահվան դեպքեր են գրանցվել, ունեցել ենք տարածքային կորուստներ, 1 ամիս առաջ զինվորական կացարանում ողջ-ողջ այրվեց 15 զինծառայող, սակայն նա հրաժարական չտվեց, իսկ Եռաբլուրում հարցազրույց տալու համար Արցախի հերոսին աշխատանքից ազատում է:
Ի դեպ, մենք գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանին աշխատանքից ազատելու կապակցությամբ պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեցինք նաև Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արամ Թորոսյանի հետ, վերջինս հորդորեց գրավոր հարցում ուղարկել: Հարցումն ուղարկել ենք, սակայն, քանի որ Պաշտպանության նախարարությունը հաճախ շատ ուշացումով է արձագանքում մամուլի հարցումներին, հոդվածը հրապարակում ենք: Պատասխանը ստանալուց հետո՝ այն անպայման կհրապարակենք: