Հակակոռուպցիոն պայքարը ձախողելու Փաշինյանի ինքնախոստովանությունը և թամաշաների նպատակը
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Հայաստանում զրո կոռուպցիայի մասին արդեն ոչ միայն որևէ մեկի ծիծաղը չեն առաջացնում, այլև նրա որևէ հայտարարություն այլևս քաղաքացիների կողմից լուրջ չի ընկալվում:
2018-ի հունիսին RT հեռուստաալիքին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարել էր՝ «Հայաստանում հիմա կոռուպցիա չկա»:
«Ես կարող եմ դա ասել, քանի որ այժմ Հայաստանում հակակոռուպցիոն մթնոլորտ է: Իհարկե, կարող են լինել որոշակի առանձին երևույթներ՝ կոռուպցիոն անցյալի կոռուպցիոն մնացորդներ: Ցավոք, դա ապագայի երաշխիք չէ, սակայն կարծում եմ, որ այս մթնոլորտը, այս գործընթացը մեզ թույլ կտան երաշխավորել այս իրավիճակի շարունակությունը»,- հայտարարել էր նա:
Նույնիսկ շարքային քաղաքացիները սկսեցին նրա այդ հայտարարություններին հակադարձել տարբեր փաստերով, ինչից հետո նա փորձեց «լղոզել» նախկինում ասած իր խոսքերը:
2019-ի դեկտեմբերին Փաշինյանը «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» փորձագիտական համաժողովի ժամանակ հայտարարել էր.
«Վարչապետ ընտրվելուց շատ չանցած, նույնիսկ մի քանի օր անց ես հայտարարեցի, որ Հայաստանի Հանրապետությունում այլևս չկա համակարգային կոռուպցիա: Ես ուզում եմ այսօր վերահաստատել դա և պարզաբանել, թե ինչ նկատի ունեմ՝ համակարգային կոռուպցիա ասելով: Իմ պատկերացմամբ՝ համակարգային կոռուպցիան այն է, երբ կոռուպցիոն օղակներում գոյություն ունեցող յուրաքանչյուր հասույթ, գումար որոշակի չափաբաժիններով հոսում է դեպի վերև և հասնում է մինչև ամենավերևները: Ուրախ եմ և հպարտ՝ արձանագրելու համար, որ, այո՛, Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա: Սա չի նշանակում, թե Հայաստանի Հանրապետությունում չկան կոռուպցիոն երևույթներ, բայց շատ կարևոր է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում կա քաղաքական կամք՝ արմատախիլ անելու կոռուպցիան՝ ոչ թե ուղղակի պայքարելու, այլ արմատախիլ անելու»:
Վերոնշյալ հայտարարություններից շատ չանցած Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների դեմ առաջադրած մեղադրանքներով ցույց տվեց, որ իր իշխանության օրոք, իր թիմակիցների շրջանում կոռուպցիա կա: Այդ մասին հենց Փաշինյանն իր քայլերով վկայեց: Մասնավորապես, պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք առաջադրվեց Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) արդեն նախկին պետ Դավիթ Սանասարյանին։
Փետրվարի 8-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով կոռուպցիայի ընկալման համաթվի սանդղակում Հայաստանի ցուցանիշի նվազմանը, հաստատեց, որ ձախողել են կոռուպցիայի դեմ պայքարում:
«Մենք ասում ենք՝ համակարգային կոռուպցիան հաղթահարեցինք, բայց ամեն շաբաթ կոռուպցիայի դեպք ենք ունենում, տարբեր օղակներից ձերբակալվում են, նախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվում»,- շեշտել էր Փաշինյանը և շարունակել, թե քրեական շատ գործեր միտումնավոր ձգձվում են վաղեմության ժամկետին հասնելու համար։
«Քրեական գործեր կան, 4 տարի հարուցված են, դատական գործեր կան, որ ընթանում են: Հատուկ այնպես են անում, որ այնպես գործերը քննեն, որպեսզի վաղեմության ժամկետներ լրանան, և այդպես գործերը գնան ու փակվեն: Այսօր Ազգային ժողով են հասել քրեական գործեր, որոնց վաղեմության ժամկետն անցել է։ Ինչո՞ւ են անցել, ինչո՞ւ արագ չեն քննվել։ Մի կես ժամ մեկն է հետաձգել, հետո՝ մյուսը, հետո՝ կովիդ, եղանակ։ Մյուս կողմից էլ՝ ասում են, եթե քրեական պատիժ չի լինելու, ի՞նչ իմաստ ունի։ Ի վերջո, ճշտմարտությունն ավելի կարևոր է, քան պատիժը»,- հավելել է Փաշինյանը:
Նույն պնդումն այսօր նա արել է կառավարության նիստի ժամանակ:
«Վերջին օրերին քննարկումներ կային, որ գլխավոր դատախազը ԱԺ էր մտել պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցով, ինձ էլ հետաքրքրեց, որ կան գործեր, որոնց վաղեմության ժամկետն անցել է: Հաջորդ հարցը հետևյալն է՝ իսկ ինչո՞ւ է անցել վաղեմության ժամկետը: Որովհետև քննությունները որոշ դեպքերում ուղղակի տևում են տարիներ: Մենք տեսնում ենք, որ արդեն դատարան գնացած գործերն են ձգձգվում տարիներով՝ չհասնելով կոնկրետ եզրագծի, և մարդկանց ընկալումը դրանից փոխվում է: Մարդիկ չեն հասկանում սա»,- հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ 2022-ին մի քանի հիշարժան ձերբակալություններ և կալանավորումներ են եղել:
Այս համատեքստում հիշեցնենք, որ 2022թ. մարտի 30-ին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էր ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը, իսկ մարտի 31-ին նա կալանավորվել էր:
Պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ «Ազգային հերոս» կոչմանն արժանացած Փիլոյանին մեղադրանք էր առաջադրվել մի քանի դրվագով կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։
2022թ. հոկտեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը 15 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանի հոկտեմբերի 6-ի որոշմամբ:
Հավելենք, որ 2021թ. սեպտեմբերի 30-ին էլ կալանավորվել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ով անցնում է ռազմամթերքի մատակարարման չարաշահմանն առնչվող կամ հայտնի «անորակ հրթիռների» քրեական գործով, և մոտ 1 տարի 4 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ:
Ի դեպ, 2022թ. սեպտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել էր.
«Հիմա քրեական գործերով ոմանք դատվում են, որովհետև պարզվում է՝ էդ իմ տված 10 միլիոնը տարել են և իրենց գարաժներում պահվող 1973 թվի սնարյադների փոշին վրայից մաքրել ու ՊՆ-ի պահեստ են մտցրել: Եվ այդպես շարունակ, համենայնդեպս, նյութերն այդ մասին են վկայում՝ որևէ մեկի անմեղության կանխավարկածը չխախտելով»:
ՊՆ և ԳՇ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հրթիռների գործով առաջադրված մեղադրանքի ֆոնին հիշեցնենք, որ Փաշինյանի հետ «թավշյա հեղափոխություն» արած և այնուհետ պաշտոն ստացած Դավիթ Սանասարյանն իրավապաշտպան Արթուր Սաքունցի գրառման տակ, թե՝ «2018թ. մայիսից հետո ինչու հրահանգ չի տրվել վարչապետի կողմից Պետական վերահսկողության ծառայությանը, երբ այն ղեկավարում էր Դավիթ Սանասարյանը, ստուգումներ իրականացնել ՊՆ-ում», հետևյալ մեկնաբանությունն էր թողել.
«Արթուր ջան, ՊՎԾ պետ նշանակվելուց հետո առաջին պայմանավորվածությունը, որ եղել է Փաշինյանի հետ, Պաշտպանության նախարարությունում մեծ թափով ուսումնասիրություն անելուն է վերաբերել, որի մասին հրապարակային խոսել եմ. տեսանյութերը շատ են համացանցում։ Կարճ ժամանակ անց, Նիկոլ Փաշինյանը թույլ չտվեց, որ ՊՆ մտնենք»:
Սա՝ այն դեպքում, երբ այդ ժամանակահատվածում՝ 2018-ի վերջերին, պարզվում է, ռազմական գերատեսչությունում պիտանի են համարել 2011-ին անորակ գնահատված հրթիռները:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ում դեմ մի քանի դրվագով մեղադրանք կա, այդ թվում՝ հրթիռների գործի շրջանակում, 2021թ. սեպտեմբերին 168.am-ի հետ զրույցում ասել էր. «Գնումը կատարվել է 2018-2019 թվականներին»:
Նա նշել էր, որ ԱԱԾ-ն պետք է ազնվորեն ասի, որ 2011թ. անորակ լինելու պատճառով պաշտպանության նախարարությունն այդ ռազմամթերքը չի ընդունել, ի պահ է վերցրել, մինչև որ մատակարար կազմակերպությունը որոշի դրա ելքը, այն է՝ ձեռք կբերի թույլտվություն տարանցիկ փոխադրման, կամ այլ երկիր մատակարարելու, վաճառելու համար:
Նշենք, որ ռազմամթերքի խմբաքանակի մոտ 30 տոկոսն ընդունվել էր Գլխավոր շտաբի կողմից, և 70 տոկոսն է համարվել անորակ:
Հավելենք, որ 2018թ. մայիսի 24-ից մինչև 2020թ. հունիսի 8-ը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ է եղել Արտակ Դավթյանը, ով Նիկոլ Փաշինյանի կողմից նույն պաշտոնին էր նշանակվել նաև 2021 թվականի մարտի 22-ին: ԳՇ նախկին պետը ևս անցնում է հրթիռների գործով:
«Հրապարակի» հետ զրույցում հարցին՝ պայմանագիրը գուցե ավելի վաղ՝ 2017թ. է կնքվել, բայց մատակարարումն ու փորձարկումը տեղի է ունեցել 2018-ի մայիսից հետո, այսինքն՝ Դուք ստորագրել եք, որ ամեն ինչ նորմալ է, որևէ խնդիր չկա մատակարարված զենքերի կամ զինամթերքի հետ, Արտակ Դավթյանը պատասխանել էր. «Եթե մայիսից հետո է եղել, այո՛»:
Հետաքրքիր է՝ երբ այս օրերին ԱԺ-ում ներկայացվում էին Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու դատախազության միջնորդությունները, իշխանական շրջանակները կարծիք էին հայտնում, թե առանց այդ ժամանակվա երկրի ղեկավարի՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի իմացության, Սեյրան Օհանյանը, լինոլով պաշտպանության նախարար, չէր կարող հողատարածքներ օտարել, վաճառել, սակայն իշխանության ներկայացուցիչները, չգիտես ինչու, չեն ասում, որ առանց Նիկոլ Փաշինյանի իմացության՝ չէին կարող անորակ հրթիռներ գնվել: Իսկ եթե նրան կարողացել են խաբել, քանի որ ռազմական գործից և սպառազինությունից չի հասկանում, դա էլ այլ վտանգավոր խնդիր է, և նրան, բնավ, չի ազատում պատասխանատվությունից:
Ի դեպ, Դավիթ Տոնոյանը բազմիցս հայտարարել է, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումներին վերաբերող որոշումները, որոնք կայացրել է, եղել են իր լիազորությունների սահմաններում և հիմնավորված:
«Դրանցից մեկի՝ ավիացիոն հրիթիռների ԱՆՎՃԱՐ, առանց որևէ պարտավորության զիջման ՀՀ ԶՈՒ պահեստ մուտքագրելու համար, շուրջ մեկ տարի ապօրինի գտնվում եմ անազատության մեջ»,– շեշտել էր Դավիթ Տոնոյանը 2022թ. սեպտեմբերի 17-ին տարածած իր հայտարարության մեջ:
Ինչ վերաբերում է քրեական գործերը, դատական նիստերը ձգձգելուն, որից Փաշինյանը սկսել է դժգոհել, հիշեցնենք, որ ուղիղ 1 տարի է՝ հրթիռների գործը դատարանում է, բայց դեռ մեծ տեղաշարժեր չկան, չեն հրավիրվել վկաները, համենայնդեպս, հունվարի 10-ի դրությամբ այդպես էր:
«2022թ. դեկտեմբերի 29-ին գրավի միջնորդությունը մերժելու մասին որոշմամբ դատարանը, մասնավորապես, արձանագրել էր, որ դեռևս չեն հարցաքննվել դատակոչված վկաները, «որոնց ցուցմունքներն ունեն կարևոր նշանակություն և էական ազդեցություն կարող են ունենալ հետազոտված մի շարք փաստաթղթերի մեկնաբանման և գնահատման համար»: Դատարանը նաև «սուբյեկտիվ» էր որակել պաշտպաններիս կարծիքը, որ հետազոտված ապացույցներով հերքվել են ինձ առաջադրված մեղադրանքի հիմքում դրված հանգամանքները: Այնուհանդերձ, դատարանի կողմից հունվարի 10-ի նիստին հրավիրված չեն եղել վկաներ, չնայած նախորդ՝ 2022թ. դեկտեմբերի 27-ի նիստին դատավորի կողմից արված այն հայտարարությանը, որ առնվազն հինգ վկա հրավիրվելու են հունվարի 10-ի կայանալիք դատական նիստին: Առնվազն 2 դատական նիստ ընդհատվել է հոսանքի անջատումների պատճառով, իսկ ապացույցների հետազոտման ընթացքում բացակայել կամ անաշխատ են եղել տեխնիկական միջոցները, որոշ դատական նիստեր չեն անցկացվել դատավորների և մեղադրող կողմի գերզբաղվածության, իսկ հիմա էլ արդեն՝ դատավորի հերթապահության պատճառաբանություններով:
Այս ամենը գնահատում եմ ինձ հնարավորինս երկար անազատության մեջ պահելու դիտավորություն և այս շինծու քրեական գործի վերջնական փլուզումը կանխելու անհաջող փորձ»,- նշել էր Դավիթ Տոնոյանը՝ 2023-ի հունվարի 11-ին տարածած հայտարարության մեջ:
Էլ չասենք, որ իշխանություններն այդպես էլ չհամաձայնեցին հրթիռների փորձաքննությանը:
Ըստ այդմ՝ ումի՞ց է բողոքում Նիկոլ Փաշինյանը, երբ խոսում է քր. գործերի ձգձգումից:
Մյուս կողմից, պակաս վտանգավոր չէ գործերի քննության կամ նախաքննությունների արհեստական արագացումը:
Փետրվարի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն անդրադարձել էր 2020թ. 44-օրյա պատերազմին, տարբեր դրվագներով հարուցված քրեական գործերին և քննիչների առջև խնդիր դրել՝ չնայած գործերի բարդությանը, շատ մեծ քանակով ապացուցողական գործողություններ կատարելու անհրաժեշտությանը, ժամկետային որոշակի սահմանափակումներ դնել այս գործերի քննության հանգամանքում:
«Մենք պետք է հասկանանք, որ ժամանակն անսահման չէ, և այն ակնկալիքները, որ հանրությունն ու քննչական կոմիտեն ունեն այս գործերի քննության ընթացքի վերաբերյալ, պետք է կարճ ժամանակում բավարարվեն: Այնպես որ, պետք է ուժերի գերլարումով աշխատենք: Այն բոլոր դրվագները, որոնք արդեն ավարտական տեսք ունեն, պետք է իրացվեն, բոլոր ուղղությունները, որոնք այս ընթացքում պարզաբանվել են, պետք է իրացվեն»,- նշել էր Քյարամյանը:
Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե լավ մտադրություն է, սակայն պետք է հասկանալ, թե իրականում ի՞նչ նպատակով են դա անելու և ում՝ ինչից են ուզում «մաքրել»՝ պատերազմում պարտություն ապահոված հանգամանքների և անձանց փնտրտուքի համատեքստում, և, ի վերջո, քաղաքական ինչ նպատակներ, շահեր են հետապնդում, ինչից են անհանգստանում, ում շահերն են սպասարկում, ի վերջո՝ այդ թամաշաներով ինչից են ուզում շեղել ժողովրդի ուշադրությունը: