ԿԽՄԿ-ի միջնորդությամբ ևս 7 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով, ինչպես նաև շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 7 անձ փետրվարի 9-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Ինչպես տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, տեղի բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 8 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են։

Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 83 հիվանդ։

 

Տեսանյութեր

Լրահոս