«Դրական կարծիք ունեմ, ողբերգությունների ժամանակ նման ժեստերը շատ կարևոր են». ՊԵԿ նախագահը՝ հայ փրկարարներ Թուրքիա ուղարկելու մասին
Կառավարության նիստից հետո լրագրողները Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին հարցրեցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի Թուրքիա մարդասիրական օգնություն ուղարկելու վերաբերյալ:
«Դրական կարծիք ունեմ: Որպես ՀՀ քաղաքացի՝ կարծում եմ՝ նման մասշտաբային ողբերգությունների ժամանակ նման ժեստերը շատ կարևոր են»,- ասաց Ռուստամ Բադասյանը:
Լրագրողները ՊԵԿ նախագահից հետաքրքրվեցին, թե քաղաքացիների եկամուտների հայտարարագրերի համակարգի ներդրումն ի՞նչ փուլում է, և արդյո՞ք հստակեցված է, թե քաղաքացիներն ինչ են հայտարարգրելու.
«Օրենքում կարգավորումները կան, որը Ազգային ժողովում 2 ընթերցումով անցել և ստորագրվել է, ուժի մեջ են որոշ կարգավորումներ: Այժմ ՊԵԿ-ն աշխատում է էլեկտրոնային համակարգը քաղաքացիների համար հարմարավետ դարձնելու ուղղությամբ: Գիտեք, որ առաջին տարին համատարած բոլորը չեն ներկայացնելու հայտարարագիր, այլ օրենքով առանձնացված են խմբեր՝ հանրային ծառայություն, բիզնեսի հետ կապ ունեցող որոշ անձանց շրջանակ, և մենք այնպես ենք անում, որպեսզի քաղաքացին անհանգստանալու կամ լրացուցիչ տեղեկություններ ճշտելու կամ որևէ փաստաթուղթ որևէ տեղից հավաքելու կարիք չունենա: Հայտարարագրերը գաղտնի են լինելու»: