Ֆինլանդիայում սկսվել է մանրածախ առևտրի ոլորտի աշխատակիցների եռօրյա գործադուլը
Ֆինլանդիայում սկսվել է մանրածախ առևտրի ոլորտի աշխատակիցների գործադուլը, որը պետք է տևի երեք օր՝ մինչև փետրվարի 11-ի առավոտյան։ Գործադուլավորները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում։
Աշխատանքային վեճ է ծագել գործատուներին ներկայացնող Առևտրի ասոցիացիայի և սպասարկման ոլորտի աշխատողների արհմիության միջև։ Նրանց չի հաջողվել համաձայնության հասնել։ Գործադուլ են անելու ամբողջ երկրի Kesko և S-ryhmՊ ցանցերի հիպերմարկետների աշխատակիցները. ակցիայի օրերին այդ ցանցերի վաճառակետերը փակ են լինելու։
Չեն աշխատում նաև մի քանի քաղաքների շուկաները, Kesko-ի լոգիստիկ ծառայությունների տարածաշրջանային տերմինալները։ Ըստ արհմիության կայքում զետեղված ցուցակի՝ գործադուլ են անում նաև K-Citymarket, Prisma և Lidl ցանցերի աշխատողները: Առանձին խանութներ որոշել են այս օրերին աշխատել, նշում են ֆիննական լրատվամիջոցները։ Խանութների ներկայացուցիչներն ասում են, որ գնորդների կողմից իրարանցում չեն տեսնում, սակայն զգուշացնում են, որ հերթերը կարող են սովորականից ավելի երկար լինել։
Եթե կողմերը համաձայնության չգան, ապա հաջորդ գործադուլը կանցկացվի փետրվարի 16-18-ը. ամբողջ Ֆինլանդիայում փակ կլինի 415 խանութ։ Ենթադրվում է, որ այդ ժամանակ գործադուլ կհայտարարի 26 հազար աշխատող։