Zoom-ի գործադիր տնօրենը 98%-ով կկրճատի իր 1,1 մլն դոլար աշխատավարձը
Zoom ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Էրիկ Յուանը հայտարարել է, որ 98 տոկոսով կկրճատի իր աշխատավարձը, որն ի դեպ կազմում է 1,1 մլն դոլար:
Ինչպես գրում է Daily Mail-ը, նախքան այս Յուանն աշխատանքից ազատել է մոտ 1300 մարդու՝ ընկերության աշխատուժի 15 տոկոսին:
Յուանը մանրամասնել է, որ իր աշխատավարձը կրճատումից հետո կկազմի 22 000 դոլար, իսկ մյուս տնօրենների աշխատավարձերը կկրճատվեն 20 տոկոսով: Բացի այդ նրանք, կզրկվեն 2023 թվականի տարեկան բոնուսներից:
Յուանն ասել է, որ աշխատանքից ազատումներն ազդել են ընկերության յուրաքանչյուր ստորաբաժանման վրա, և որ աշխատանքից ազատված աշխատակիցները մինչև 16 շաբաթ աշխատավարձ կստանան:
Նա նշել է, որ ընկերության ֆինանսական դժվարությունները պայմանավորված են այն փաստով, որ հետհամավարակային աշխարհում օգտատերերն այլևս այդքան էլ չեն օգտվում Zoom հավելվածից, որը շատ տարածված էր համավարակի և լոքդաունի ժամանակ: