Հայրենիքի պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ստացած զինծառայողների հատուցման գործընթացի արդյունավետությունը կբարելավվի
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Օրինագծի նպատակը Հայրենիքի պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ստացած զինծառայողների առողջությանը պատճառված վնասների հատուցման գործընթացի արդյունավետության բարելավումն է: Նախագծով առաջարկվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի խորհրդին լիազորել` իր սահմանած պայմաններով և կարգով լրացուցիչ սոցիալական ծառայություններ մատուցել Հիմնադրամի շահառուներին:
Նախատեսվում է նաև անցումային շրջանի համար (մինչև «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի ամբողջական կիրարկումը) դրամական աջակցություն վճարել այն զինծառայողների համար, ովքեր ունեցել են առաջին կամ երկրորդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն (ճանաչվել են հիմնադրամի շահառու) և բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում ճանաչվում է երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ: Դրամական աջակցության չափն առաջարկվում է` սպայական կազմի զինծառայողներին` 75 000 դրամ, պայմանագրային և զորահավաքային կազմի զինծառայողներին, կամավորականներին` 50 000 դրամ, պարտադիր ժամկետային կազմի զինծառայողներին` 25 000 դրամ:
Համաձայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տվյալների` 44-օրյա պատերազմի հետևանքով երրորդ խմբի հաշմանդամություն է սահմանվել 114 անձի, ովքեր նախկինում հանդիսացել են երկրորդ խմբի հաշմանդամներ:
Գործադիրի հավանությանն է արժանացել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը: Օրինագծերի ընդունմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթները կհամապատասխանեցվեն Սահմանադրությանը և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին, կվերացվեն օրենսդրական որոշակի բացերն ու օրենսգրքի ներքին հակասությունները: Արդյունքում՝ կհստակեցվեն տարաբնույթ ընկալման տեղիք տվող մի շարք դրույթներ, կբացառվի կամ նվազագույնի կհասցվի իրավակիրառ պրակտիկայում նախկինում ի հայտ եկած մի շարք խնդիրների հետագա առաջացումը, կներդրվեն աշխատանքային հարաբերությունների լիարժեք կարգավորման համար անհրաժեշտ լրացուցիչ կառուցակարգեր, ինչպես նաև աշխատողների և գործատուների օրինական շահերի պաշտպանության և դրանց ողջամիտ հավասարակշռման ապահովմանն ուղղված առավել արդյունավետ մեխանիզմներ: Միաժամանակ, օրինագծերի ընդունմամբ աշխատողների համար կստեղծվեն լրացուցիչ սոցիալ-աշխատանքային երաշխիքներ: