«Էդքան երկա՞ր ա, հա՞, պաշտոնը». Փաշինյանը՝ Պապիկյանին
Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այս գիշեր Գեղարքունիքի մարզի N զորամասում տեղի ունեցած ողբերգական դեպքին, հիշեցրեց, որ դեռ նախորդ տարեվերջին, երբ այցելել է տարբեր զորամասեր, հանձնարարական է տվել, որ ոչ պատշաճ ծառայության համար մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։
«Երբ մենք նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին շրջայց էինք անում ԶՈՒ մարտական դիրքերով և ստորաբաժանումներով, այդ ժամանակ իմ հանձնարարականը Պաշտպանության նախարարին և պայմանավորվածությունը եղել է հետևյալը, որ մեր ավանդական մոտեցումը, որ այնուամենայնիվ բանակում առկա խնդիրների հետ մի փոքր այլ կերպ պետք է վարվենք, պետք է ուղղակի դադարեցնել։ Այն ժամանակ ես հստակ հանձնարարական եմ տվել, որ կոմպրոմիսներ չե՛ն լինելու։ Նույնիսկ վիզուալ, եթե պատշաճ իրավիճակում չէ ծառայությունը, կարգապահությունը, պետք է հետևի կոնկրետ պատասխանատվություն։
Այդ առումով ես որոշում եմ կայացրել հենց առավոտյան և 2-րդ բանակային կորպուսի հրամանատարին աշխատանքից ազատելու միջնորդություն եմ ներկայացրել ՀՀ նախագահին, նախագահն արդեն իսկ ստորագրել է որոշումը, բայց նաև հանձնարարել եմ Պաշտպանության նախարարին, որ պետք է շատ կոնկրետ, անհատական հետևանքներ լինեն»,- ասաց Փաշինյանը, ապա պահանջեց, որպեսզի Սուրեն Պապիկյանը զեկուցի, թե այդ մասով ի՞նչ քայլեր են արվել։
Պապիկյանը թվարկեց բոլոր այն պաշտոնյաներին, որոնք ողբերգական դեպքից հետո ազատվել են զբաղեցրած պաշտոններից։
«Պարոն վարչապետ, զեկուցում եմ, որ զբաղեցրած պաշտոննեից ազատվել են նաև 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ, կորպուսի հրամանատարի տեղակալ, թիկունքի պետ, կորպուսի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով տեղակալը…»։
Փաշինյանն անակնկալի եկավ և ընդհատելով Սուրեն Պապիկյանին՝ հարցրեց․
«Այսինքն՝ դուք 3 պաշտոնյա՞ նշեցիք»։
Պապիկյանը պատասխանեց, որ խոսքը 1 հոգու մասին է, պաշտոնն այդպես է, ինչին Փաշինյանը արձագանքեց․
«Էդքան երկա՞ր ա, հա՞, պաշտոնը»։
Պապիկյանն ասաց, որ կարող է ավելի հակիրճ ներկայացնել՝ Շտաբի պետ, կորպուսի հրամանատարի տեղակալ, թիկունքի պետ, կորպուսի հրամանատարի տեղակալ․
«Իրենց զբաղեցրած պաշտոններն ինչ-որ կերպ առնչվում են խնդրին և, բնականաբար, մինչև ավելի մանրամասն քրեաիրավական գնահատական կտրվի խնդրին, իրենց հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չէ»։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում