Հայաստանում նախատեսում են Բանակային խաղերին մասնակցող մարզիկներին ևս պարգևավճար ստանալու հնարավորություն տալ
Կառավարության կողմից առաջարկվոց նոր օրինագծով առաջարկվում է Բանակային խաղերին մասնակցող և մրցանակային տեղեր գրավող մարզիկներին ևս պարգևատրում ստանալու հնարավորություն ընձեռել: «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը:
Նախագիծը, ի թիվս այլ կարգավորումների, նպատակ ունի ընդգծել ռազմական կամ բանակային խաղերի կարևորությունը: Փոխնախարարն ընդգծեց, որ Բանակային խաղերը շատ հեղինակավոր մրցումներ են, որոնց երբեմն մասնակցում է մինչև 200 երկիր: Փոխնախարարի խոսքով՝ Օլիմպիական խաղերից հետո դրանք ամենամասսայական մրցումներն են:
«Եվ, քանի որ բանակային խաղերն ընդգրկված չեն մեր՝ միանգամյա պարգևավճար ստացող միջոցառումների ցանկում, պարբերաբար մեր հավաքականները բանակային խաղերին ուղարկում են 2-րդ, 3-րդ համարներին՝ ուժեղներին թողնելով Եվրոպայի կամ Աշխարհի առաջնություններին պատրաստվելու և մասնակցելու: Բայց կարծում ենք, որ 200 երկրների մասնակցությամբ անցկացվող խաղերին պետք է մասնակցեն առաջին համարները: Դրա համար պետք է ամեն ինչ անենք, որ մարզիկները շահագրգռվեն»,-ասաց Գիլոյանը:
Ըստ նրա՝ դա հնարավոր է անել միայն այն ձևով, որ այս խաղերը մտցնեն պարգևատրվող մարզական միջոցառումների ցանկ, և մարզիկները, հաջողության դեպքում, ինչպես Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից կամ Օլիմպիական խաղերից են ստանում, այնպես էլ Բանակային խաղերից ստանան պարգևավճար: