Փուչիկների գործով 1 տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանը պայմանական ազատության մեջ է
Հայտնի «Փուչիկների» գործով 1 տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ օրեր առաջ Վերաքննիչ դատարանը բավարարել է իր հայցը, և հիմա ինքը գտնվում է պայմանական ազատության մեջ:
«Հիմա մի տարի պայմանական ազատության մեջ եմ: Դե, պիտի աշխատեմ-ապրեմ, տեսնեմ, էլի: Բայց էլի բուժումների կարիք ունեմ: Ճիշտն ասած, պրոցեդուրաներ ունեի, որ պիտի ստանայի, չեմ կարողանում ստանալ: Հիմա ուզում եմ դիմեմ, որ հաշմանդամության թոշակ ստանամ: Դե, տենց գոնե յոլա գնանք»,- ասաց Ս. Բոզոյանը: Նրա խոսքով՝ ֆինանսական խնդիրների պատճառով ընդհատվել է իր բուժման ընթացքը:
Սերոբ Բոզոյանի փոխանցմամբ՝ ինքն այլևս Հանրապետական կուսակցությունից զանգեր չի ստացել: Հարցին, թե՝ կշարունակե՞ք զբաղվել Ձեր նախկին աշխատանքով` փուչիկների լիցքավորմամբ, Ս. Բոզոյանը պատասխանեց. «Չէ, փուչիկների գազով լիցքավորմամբ չեմ զբաղվի, իսկ ընենց` փուչիկներ կփչեմ»:
Նա իր հետ կատարված դեպքը բնորոշում է՝ որպես «դժբախտ պատահականություն»: