ՀՀ պաշտոնական շրջանակներից հնչող հայտարարություններն ավելի են նպաստում ադրբեջանական գործողությունների արդյունավետությանը. Տիգրան Աբրահամյան

«Ակնհայտ է, որ Հայաստանի և Արցախի շուրջ ռազմաքաղաքական իրադրությունը գնում է շատ ավելի բարդացման,- «Ինչո՞վ ավարտեցինք և սկսեցինք տարին» թեմայով քննարկմանն այս մասին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ մանրամասնելով,- Թվում է, թե չի կարող ավելի ծայրահեղ իրավիճակ լինել, բայց ցավալիորեն պետք է արձանագրենք, որ իրադրությունը 2022 թվականին շատ ավելի ծանր էր, նույնիսկ, քան, երբ 44-օրյա պատերազմը նոր էր ավարտվել»,- նշեց պատգամավորը։

Ըստ նրա՝ 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից երկու տարի անց Արցախի և Հայաստանի վրա եղել է 5 հարձակում, ունեցել ենք հարյուրավոր զոհեր, հսկայական տարածքային կորուստներ, որոնք վերաբերում են ոչ միայն Արցախին, այլև Հայաստանին, ծանր իրավիճակ՝ հատկապես Արտանիշից դեպի Ծավ հատվածում, որն ընդգրկում է ՀՀ երեք մարզերը։

Արցախում ստեղծված իրավիճակին անդրադառնալով՝ պատգամավորը նկատեց, որ Արցախում սպասվող հոռետեսական սցենարներն ավելի վաղ քննարկելի են եղել:

«Ադրբեջանը ձեռնարկել է համակարգային գործողությունների մեխանիզմը՝ փաստացի օր օրի մեծացնելով Արցախի նկատմամբ ճնշումը։ Մոտ մեկ ամիս է, ինչ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, խաղաղապահ առաքելության սահմանափակ շարժերը, որոնք վերահսկվում են Ադրբեջանի կողմից, որևէ ձևով շրջափակման վրա ազդեցություն չեն թողնում:

Այս տեսանկյունից նաև պետք է արձանագրել, որ Ադրբեջանը շարժվում է՝ ըստ իր խաղի կանոնների, իսկ դրանք ենթադրում են վատթարացում՝ Արցախի և Հայաստանի համար»:

Արցախում հիմնական խնդիրը լուծվում է զուտ օրվա գոյությունը պահպանելու ուղղությամբ, իսկ Հայաստանն այս գործընթացում լավագույն դեպքում ունի դիտորդի կարգավիճակ՝ էլ չեմ խոսում այն մասին, որ ՀՀ պաշտոնական շրջանակներից հնչող հայտարարությունները շատ ավելի են նպաստում ադրբեջանական գործողությունների արդյունավետությանը, և միջազգային ընկալման առումով Արցախին շատ ավելի վատ դրության մեջ են դնում»,- ընդգծեց Տիգրան Աբրահամյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում 

Տեսանյութեր

Լրահոս