«Հայաստան-ԵՄ փաստաթղթում ֆիքսված էին հիմնարար սկզբունքները, այս խմբակը դա չի օգտագործել». Հայկ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ 5 տարի առաջ այսօր ստորագրվել է ՍԵՊԱ-ն (Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր) Հայաստանի և ԵՄ-ի միջև։
Գործընթացի վերաբերյալ Հայկ Մամիջանյանը մի քանի արձանագրում կատարեց։
«2018 թվականի իրադարձություններով, փոքրիկ միջադեպերով իշխանության եկած սիրողական մակարդակով միջազգային հարաբերությունների մասնագետները այդպես էլ արագ կերպով չկարողացան կազմակերպել ՍԵՊԱ-ի ռատիֆիկացիան ԵՄ անդամ երկրների կողմից։ Ռատիֆիկացիան տևեց չափազանց երկար ժամանակ, շատ ավելի, քան այն կարող էր տևել, դրա համար կային նախադրյալներ։
Երկրորդը՝ այս խմբակը չկարողացավ նյութականացնել, մոնետիզացնել այն կետերը, որոնք ներառվել էին ՍԵՊԱ-ի մեջ Արցախյան հիմնախնդրի հետ կապված, այն է՝ հիմնարար սկզբունքների ֆիքսումը ՍԵՊԱ-ի մեջ։ Հայաստան-ԵՄ կարևորագույն փաստաթղթում ֆիքսված էին հիմնարար սկզբունքները, այն է՝ Արցախի ինքնորոշման իրավունքը, երբևէ լսե՞լ եք, որ Հայաստանի ԱԳ նախարարը կամ այլ պաշտոնյա հղում անի այս կարևորագույն կետին։ Այսինքն՝ այն ժառանգությունը, որը ստացել էին, բացարձակապես չեն օգտագործել»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում