Բան ու գործ չունե՞ս, Հրանտ. Պարույր Հայրիկյանը՝ Հրանտ Բագրատյանի մասին

Խանդից, բարդույթից թե չգիտեմ ինչից վրդովված՝ հրապարակային կոչս թեկնածուները համարեցին գաղտնի խոսակցություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն՝ անդրադառնալով իր կողմից նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին հասցեագրած միավորման կոչին:

«Մինչդեռ երբեք խոսակցություն չի եղել, թե՝ եկեք միասին թիմ կազմենք: Ես վերջում հասկացա, որ ձգձգում են, դա իրենց իրավունքն է, որոշեցի հրապարակային դիմել, ակնկալել հրապարակային պատասխան: Դու ո՞վ ես, որ ես քեզ հետ պետք է գաղտնի խոսակցություն ունենամ, որ ժողովրդից գաղտնի քաղաքական գործ անեմ: Իրեն գիտնական համարող մարդը ստանում է հրապարակային նամակ ու չի խոսում բովանդակության մասին: Դուք լսեցի՞ք որևէ ակնարկ դրա մասին»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է Հրանտ Բագրատյանի այն հայտարարությանը, թե Հայրիկյանի բաց նամակը գաղտնի խոսակցության հրապարակում էր, Պ. Հայրիկյանն ընդգծեց. «Դու գո՞ղ ես, թե՞ ավազակ, ինչի՞ց ես վախենում: Ինչո՞ւ ես պետք է հրապարակային չխոսեմ ժողովրդավարության մասին: Այս ի՞նչ բոլշևիկյան, ՀՀՇ-ական մոտեցում է: Գիտնականը նյութին պետք է բովանդակային կողմով մոտենա, և  ոչ թե՝ շուկայում վիճող կանանց նման ասի, թե՝ դու այս լոլիկը որ ներկայացրիր, տոնդ այնպես չէր, կեցվածքդ այնպես չէր՝ մի քիչ ծուռ էիր կանգնած»,- մասնավորեցրեց նա:

Պ. Հայրիկյանը խոսեց նաև Հրանտ Բագրատյանի նախընտրական ծրագրից՝ անվանելով այն տնտեսական ու սովխոզի նախագահի ծրագիր: «Դու պետության նախագահ ես դառնում, դու պետության համակարգի վերաբերյալ ծրագիր պետք է ներկայացնես: Իմ առողջ առաջարկը ստորադասվեց բամբասանքային մտածելակերպի: Մարդիկ չեն ուզում հաղթել, բավարարվում են միայն երևալու գաղափարով: Իսկ ես տվել եմ միասին հաղթելու մասին ծրագիր՝ ակնարկելով անգամ մեխանիզմները,- նշեց նա՝ հավելելով,- Հրանտ Բագրատյանը գիտի՞ ինչ է՝ միասնական թեկնածու»:

Կարդացեք նաև

«Այդքան տարի վարչապետ աշխատած մարդը պետք է իրեն զսպել կարողանա: Մարդը վիրավորվում է, որ ես հրապարակային գեղեցիկ առաջարկ եմ արել: Ասում է՝ ինչո՞ւ ինձ չզանգահարեցիր: Բայց ես Բագրատանին զանգել եմ մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ: Ընդհուպ գրավոր նամակ եմ գրել: Դրանից հետո հրապարակավ հայտարարություն եմ արել: Ի՞նչ է, սա հանցագործությո՞ւն է: Առողջ չէ Բագրատյանի մոտեցումը: Ես իրեն առողջություն եմ ցանկանում»,- ավելացրեց Պ. Հայրիկյանը:

Հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերվում Բագրատյանի հայտարարության մասնավորապես այն հատվածին, թե՝ ինքը սպասում է Ձեզնից հայտարարություն այն մասին, որ չեք շնորհավորի Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ, Հայրիկյանը պատասխանեց.

«Բագրատյանը սպասում է, որ Հայրիկյանը հայտարարություն անի իր համար. գեղեցիկ է: Ընտրարշավում երկու պաշտոն ունեցող մարդ կա՝ Հրանտ Բագրատյան և Սերժ Սարգսյան: Պաշտոն ունեցողը խոսում է պաշտոն չունեցող մարդու մասին, խոսում է՝ որպես իշխանությունների հետ համագործակցության մեջ մտած մարդու մասին: Բան ու գործ չունե՞ս, Հրանտ: Ասում էիր, որ օպոզիցիոներ ես: Բա ինչո՞ւ իշխանության դեմ չես պայքարում: Թվացյալ պայքարելն այլ ոլորտից է: Ես նոր Հրանտ Բագրատյան բացահայտեցի և տխրեցի: Ինքը ինձ հիշեցրեց, որ իր թիմակիցներին է դավաճանել, իրեն  պառլամենտական աթոռ տված Լևոն Տեր-Պետրոսյանին նույնիսկ չհարցրեց՝ ի՞նչ կարծիքի ես, թեկնածությունս եմ ուզում դնեմ: Պրիմիտիվ մարդիկ են քաղաքական դաշտը բաժանում իշխանության և ընդդիմության: Եթե իշխանությունը չարիք է, ուրեմն Բագրատյանը 4 տարի չարիք է եղել, երբ վարչապետ էր: Խորհուրդ եմ տալիս մանկապարտեզային մակարդակից բարձրանալ՝ մանավանդ՝ վարչապետ աշխատելուց հետո: Հարցեր, թե կշնորհավորե՞ք նախագահին, չե՞ք շնորհավորի, տալիս են մարդիկ, ովքեր պրիմիտիվ են: Ես նարդի խաղալուց էլ՝ հաղթողին շնորհավորում եմ»:

Տեսանյութեր

Լրահոս