Ո՞վ է Շիրակի մարզի նորանշանակ դատախազը
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ նոյեմբերի 17-ի հրամանով պաշտոնից ազատվել էր Շիրակի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գուրգեն Գրիգորյանը։
Մեկ օր անց գլխավոր դատախազը Շիրակի մարզի դատախազ նշանակելու հրաման է ստորագրել, որում ասվում է․
«Արարատի մարզի դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական պետական խորհրդական Արմեն Դմիտրիի Չիչոյանին փոխադրել Շիրակի մարզի դատախազի պաշտոնին ս․թ․ նոյեմբերի 22-ից»:
Արմեն Չիչոյանը ԲԴԽ անդամ, ոչ վաղ անցյալում ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Սերգեյ Չիչոյանի հարազատ եղբայրն է, դատախազության համակարգի երկարամյա ծառայող:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին Արմեն Չիչոյանի որդին, ով նույնպես դատախազական անցյալ ուներ, իրավունքի ուժով ստանձնել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը:
Հիշեցնենք, որ այդ ժամանակ 168.am-ը գրել էր, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը չէր ստորագրել վերջինիս՝ դատավոր նշանակվելու հրամանագիրը, և Ժորա Չիչոյանը դատավոր դարձավ միայն իրավունքի ուժով՝ երդվելով ոչ թե նախագահական նստավայրում, ինչպես մյուսները, այլ ԲԴԽ-ում: