Եվ, այնուամենայնիվ, կա՞ր մեղադրանք, թե՞ ոչ…
Նոյեմբերի լույս 16-ի գիշերն արգելափակվել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ելքը ՀՀ-ից:
«Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային ստուգման փուլում արգելքի որոշումը Աշոտյանին բացատրել են նրա՝ ինչ-որ գործով մեղադրյալ լինելու հանգամանքով, մինչդեռ ՀՀԿ փոխնախագահը պնդում է՝ իրեն ոչ մի գործով որևէ մեղադրանք առաջադրված այդ պահի դրությամբ չի եղել:
Նույն օրն առավոտյան 168.am-ը թե բանավոր, և թե գրավոր հարցմամբ դիմել էր Գլխավոր դատախազություն՝ փորձելով պարզել՝ ինչո՞ւ է արգելափակվել Արմեն Աշոտյանի ելքը երկրից, կա՞ արդյոք մեղադրանք՝ առաջադրված Արմեն Աշոտյանին, և եթե կա, Քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածով:
Հարցրել էինք նաև, թե առհասարակ որևէ գործով Արմեն Աշոտյանը մեղադրյա՞լ է, և եթե այո, ի՞նչ գործով:
Թվում է, թե ոչ մի բարդ հարց չէինք ուղղել Դատախազությանը, որովհետև եթե Արմեն Աշոտյանի ՍԷԿՏ-ը փակվել է, նշանակում է՝ կա դրա մասին որոշում, եթե կա որոշում, ուրեմն կա դրա համար հիմք՝ ՀՀԿ փոխնախագահին ներկայացված մեղադրանքի տեսքով:
Այսինքն՝ եթե Արմեն Աշոտյանի՝ «Զվարթնոց» օդանավակայանում գտնվելու պահին նրան մեղադրանք առաջադրված եղել է, ի՞նչն էր խանգարում դատախազությանը՝ եթե ոչ՝ բանավոր անմիջապես, ապա՝ գոնե գրավոր հարցման դեպքում, ինչն անմիջապես ուղարկվել է, 1-2 ժամվա ընթացքում պատասխանել հարցին:
Ինքը՝ Արմեն Աշոտյանը, ցերեկը՝ մինչ իրեն մեղադրանք առաջադրելը, հրավիրած հրատապ ասուլիսի ժամանակ վստահեցնում էր, որ Դատախազությունն ու Քննչական կոմիտեն պասերով են խաղում:
«Ես վստահ եմ՝ հիմա հետին թվով մեղադրանք են գրում ինձ, որովհետև օդանավակայանում մեղադրանք չկար: Բոլոր դեպքերում անգամ այդ հետին թվով մեղադրանքը չի հանելու խափանման միջոցի ապօրինի կիրառման հարցը: Դա չեն կարող սվաղել, եթե անգամ գլխավոր դատախազուհին, որը մեծ փորձ ունի, այսպես կոչված, մարդու երբեմնի խորհրդական եղած ժամանակ քրեական գործերով միջամտելու, հիմա էլ որպես գլխավոր դատախազ՝ անձամբ նստի, սկսի էդ տեքստը գրել, թե ինձ ինչում է պետք մեղադրել»,- ասել էր Արմեն Աշոտյանը:
Ինչևէ, 168․am-ը հարցի պատասխանը չստացավ ոչ նոյեմբերի 16-ին, և ոչ էլ՝ 17-ին, թեպետ նոյեմբերի 16-ի երեկոյան, երբ Արմեն Աշոտյանին հրավիրել էին Քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչություն՝ մեղադրանք առաջադրելու, վերջինիս փաստաբանն ասաց՝ ինչի մասին է խոսքը, և հանրությունը տեղեկացավ, որ ՀՀԿ փոխնախագահին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով:
Երեկ երեկոյան մենք, այնուամենայնիվ, դատախազությունից ստացանք պատասխան:
«ՀՀ Քննչական կոմիտեի քննիչի կողմից ներկայացված միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից 2022թ. նոյեմբերի 16-ին որոշում է կայացվել Արմեն Աշոտյանի նկատմամբ անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելով զուգորդված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին»,- ասված է Գլխավոր դատախազության կողմից ստացված պատասխանում:
Հիշեցնենք, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ասել է, որ Արմեն Աշոտյանի՝ ՀՀ-ից ելքի արգելքի իրավաչափության հարցը գտնվում է իր ուշադրության կենտրոնում, և, որ իրավասու մարմիններին ուղարկած իր գրությունների պատասխանները ստանալուց հետո ինքը կարող է հետևություններ անել խնդրի վերաբերյալ։