«Բոլոր ազգային ուժերը, ովքեր ցանկանում են հեռացնել Նիկոլին և մարդկանց ազատագրել նրա գերությունից, պետք է մարդկանց ապացուցեն, որ նրանք բռնության զոհեր են»․ Հակոբ Հակոբյան
Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ստոկհոլմի համախտանիշ – հոգեբանական երևույթ, որն արտահայտվում է նրանով, որ զոհը սկսում է համակրանք տածել ագրեսորի նկատմամբ։
Օրինակ՝ բռնաբարվածները սկսում են կարեկցել իրենց բռնաբարողներին և նույնիսկ ինչ-որ կերպ խոչընդոտել իրենց իսկ ազատագրմանն ուղղված գործողություններին։ Միայն այսպես կարելի է բացատրել այն իրողությունը, որ նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանին պաշտպանեց գեթ մեկ հայ կամ ՀՀ քաղաքացի։
Հետևաբար՝ բոլոր ազգային ուժերը, ովքեր ցանկանում են հեռացնել Նիկոլին և մարդկանց ազատագրել նրա գերությունից, առաջին հերթին պետք է մարդկանց ապացուցեն, որ նրանք բռնության զոհեր են։ Առանց դրա, հնարավոր չէ որևէ իրական փոփոխություն իրականացնել, որովհետև քանի դեռ մարդիկ ապրում են ստոկհոլմյան համախտանիշով, նրանք կարող են արդարացնել Նիկոլ Փաշինյանին անգամ այն դեպքում, երբ նա Ադրբեջանին զիջի իրենց թաղամասը, տունը, ննջարանը․․․
Իսկ ագրեսիա հասարակության նկատմամբ տեղի է ունեցել, տեղի է ունեցել ոչ թե ֆիզիկական, այլ հոգեբանական ագրեսիա ընդդեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։ 2018 թվականի մայիսին նա իրականացրել է հասարակության բանականության դեմ ուղղված վերջին ակտը, ագրեսիան սկսվել է շատ ավելի վաղ՝ դեռևս 2008 թվականի մարտի մեկից: Իրականացվել է հետևողականորեն, մեթոդաբար, կաթիլ առ կաթիլ մթագնելով մարդկանց գիտակցությունը»։