Ֆրանսիան մեծ կարևորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ համագործակցությանը. ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը 2022 թվականի նոյեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:
Ինչպես հայտնում են Սահմանադրական դատարանից, Արման Դիլանյանը գոհունակությամբ նշել է, որ ներկայումս հայ-ֆրանսիական հարաբերությունները և դատաիրավական համագործակցությունը դինամիկ զարգանում են, և Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը հետաքրքրված է էլ ավելի խորացնելու Ֆրանսիայի Հանրապետության սահմանադրական խորհրդի հետ համագործակցությունը, ինչը լավագույնս բնութագրում է հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների տրամաբանությանը:
Սահմանադրական դատարանի նախագահն առանձնահատուկ կարևորել է Ֆրանսիայի Հանրապետության դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում և անհապաղ արձագանքն Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ս.թ. սեպտեմբերի 13-14-ը սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի հարցում՝ շեշտելով Ֆրանսիայի կողմից Ադրբեջանի ագրեսիայի հստակ, միանշանակ ու հասցեական դատապարտումը:
Շնորհակալություն հայտնելով Սահմանադրական դատարանի նախագահին բարձր գնահատականի ու ցուցաբերած ջերմ ընդունելության համար՝ Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը նշել է, որ Ֆրանսիան մեծ կարևորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ համագործակցությանը և պատրաստակամ է շարունակել այն սերտացնելու ջանքերը նաև դատաիրավական ոլորտում: Այս առումով դեսպան Լույոն ողջունել է Սահմանադրական դատարանի հանձնառությունը՝ զարգացնելու կապերը Ֆրանսիայի Հանրապետության
սահմանադրական խորհրդի և Ֆրանկոֆոն սահմանադրական դատարանների ընկերակցության հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական երկկողմ իրավական հարաբերությունների օրակարգը և իրավունքի գերակայության ոլորտում համագործության հեռանկարները: Հյուրերի խնդրանքով Արման Դիլանյանը ներկայացրել է նաև Սահմանադրական դատարանում մեկնարկած ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքը: Դեսպան Լույոն հայտնել է ֆրանսիական կողմի լիարժեք աջակցությունը Բարձր դատարանի նախաձեռնած բարեփոխումներին և հաստատել է ֆրանսիական կողմի հանձնառությունը՝ աջակցելու դրանց անխափան ընթացքին: