Բաժիններ՝

Որակի ապահովման եվրոպական ռեգիստրը վերահաստատել է Հայաստանի Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի անդամակցությունը

Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիան (ENQA) Հայաստանում իրականացրել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) արտաքին գնահատման փորձագիտական գնահատում։Այս մասին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) փորձագիտական խումբը դրական եզրակացություն է տվել ՈԱԱԿ-ի գործունեությանը՝ եվրոպական չափորոշիչներին և ուղենիշներին համապատասխանության առումով։

Փորձագիտական գնահատման հիման վրա 2022 թվականին ՈԱԱԿ-ը դիմել է կրկին անդամակցելու Որակի ապահովման եվրոպական ռեգիստրին (EQAR)։ Տրված եզրակացության հիման վրա Որակի ապահովման եվրոպական ռեգիստրը (EQAR) ևս 5 տարի ժամկետով հաստատել է ՈԱԱԿ-ի անդամակցությունը։

ՈԱԱԿ-ի գրանցումն EQAR-ում հայաստանյան բարձրագույն կրթական համակարգն առավել տեսանելի է դարձնում միջազգային ասպարեզում։ ՈԱԱԿ–ի կողմից հավատարմագրված ՀՀ բուհերի զեկույցները հասանելի են նաև Արտաքին գնահատման փորձագիտական զեկույցների եվրոպական շտեմարանում (DEQAR), որի միջոցով ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային ուսանողները կարող են համապարփակ տեղեկատվություն ստանալ հավատարմագրված ուսումնական հաստատությունների մասին և որոշում կայացնել իրենց ուսումնառության վերաբերյալ։

Որակի ապահովման եվրոպական ռեգիստրը (EQAR) ցանց է, որը միավորում է Բարձրագույն կրթության եվրոպական տարածքում որակի ապահովման չափորոշիչներին և ուղենիշներին համապատասխան գործող որակի ապահովման գործակալությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս