Ինչպե՞ս կարող է Հայաստանը Ռուսաստանից որևէ բան պահանջել, երբ ինքը հայտարարել է, որ այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ. Կարեն Միրզոյան
Հոկտեմբերի 30-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստով ընդունեց հայտարարություն՝ կոչով դիմելով Հայաստանի Հանրապետությանն ու Ռուսաստանի Դաշնությանը։
Հայաստանի իշխանությունից Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունները պահանջեցին չհրաժարվել Արցախի անվտանգության երաշխավորի՝ Հայաստանի առաքելությունից, իսկ Ռուսաստանին կոչ արեցին հաշվի առնելով արցախահայության անվտանգության խնդիրը՝ ավելացնել ռազմական և քաղաքական լծակները։
Արցախի Ազգային ժողովը՝ հայտարարությամբ, իսկ ավելի ավելի ուշ նաև Վերածննդի հրապարակում հավաքված տասնյակ-հազարավոր արցախցիները հստակ արձանագրեցին, որ իրենց ապագան չեն տեսնում Ադրբեջանի կազմում։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը, խոսելով արցախյան այս գործընթացների մասին, ընդգծեց.
«Արցախցին իր ընդվզումն արտահայտեց ընդդեմ այն սցենարների, որոնք փաթաթում են իր պարանոցին։ Արցախահայությունն իր ապագայի մասին շատ հստակ պատկերացում ունի, ուստի ես չեմ տեսնում արցախցու մեջ իր տեսլականից հրաժարվելու պատրաստակամություն, փոխարենը՝ Հայաստանի իշխանությունների կողմից արվում են հակասական հայտարարություններ, որոնք հնչեցվում են ընդամենն օրվա զարգացումներին ի պատասխան. հայտարարություններն արվում են՝ հիմքում չդնելով որևէ երկարաժամկետ զարգացում, և այս իշխանության վարած արտաքին և ներքին քաղաքականությունը հենց այդպիսին է։ Սրանով հանդերձ՝ չեմ կարծում, որ այն տեսակետը, որն Արցախի հարցում արտահայտում է այս իշխանությունը, արտահայտում է ամբողջ հայ ժողովրդի կարծիքը»,- ասաց Միրզոյանը։
Նրա դիտարկմամբ՝ արցախցին այսօր ոչ թե ընդունում է իր խնդրի լուծման ռուսական տարբերակը և մերժում արևմտյանը, այլ պարզապես առաջ է տանում իր տեսլականը, այն է՝ ապրել Ադրբեջանի կազմից դուրս: Ուստի վտանգավոր է նաև հարցադրումը, թե Արցախի հարցի կարգավորման հարցում առաջարկվող տարբերակներից ո՞րը պետք է ընտրել։
«Շատ վտանգավոր է. այդ հարցադրումը Արցախի խնդիրը տեղափոխում է մեծ տերությունների մրցակցության դաշտ, ինչը կարող է մեզ համար ունենալ վտանգավոր հետևանքներ։ Պետք է հիշել, որ խոսքը նրա մասին է, որ արցախցին չի ցանկանում զիջել իր այն նվաճումները, որոնք ձեռք է բերել իր զավակների արյան գնով և որոնք հիմա իր ձեռքից փորձում են տանել բռնի ուժով»,- ասաց Կարեն Միրզոյանը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով հատկապես Սոչիի հայտարարությունից հետո տարածվող թեզերին, թե Ռուսաստանի իշխանությունները չեն կարողացել պնդել իրենց առաջարկները։
«Սոչիի հայտարարարությունից հետո հանրության կարծիքը մանիպուլացնում են՝ ասելով, թե Հայաստանի իշխանությունը պատրաստակամ էր, բայց Ռուսաստանը չկարողացավ պաշտպանել իր առաջարկները։ Այդ ինչի՞ հիման վրա է Հայաստանը Ռուսաստանից բան պահանջում, երբ հայտարարել է, որ այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ։ Չէ՞ որ Ռուսաստանը Արցախի հակամարտության կողմ չէ, ընդամենը միջնորդ է, հետևապես, չի կարող պարտադրել որևէ սցենար, եթե կողմերը դրան համաձայնության չեն հասնում, ուստի Հայաստանի իշխանությունները իրենց քաղաքականությամբ եկել հասել են մի իրավիճակի, որ չեն կարողանում Ադրբեջանի հետ հավասարը հավասարի պես խոսել, իսկ Ադրբեջանը գործադրում է ռազմաքաղաքական ճնշումներ, որովհետև գիտի՝ ցանկացած ճնշում բերելու է արդյունքի։ Ադրբեջանն այսօր բանակցությունների շահագրգռություն չունի. հակված է շարունակել շանտաժի և ուժի սպառնալիքի քաղաքականությունը»,- ասաց Կարեն Միրզոյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում