Արցախում տեղի ունեցածը բխում է միջազգային բոլոր այն սուբյեկտների շահերից,  որոնք դեմ են մեկ պետության կողմից ուղղորդվող աշխարհին. Լարիսա Ալավերդյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը դիմում է Ռուսաստանի Դաշնությանը` Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու հանձնառությունը շարունակելու խնդրանքով. երեկ այս մասին հայտարարությունն ընդունվեց ԱՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ:

«Արցախի ԱԺ–ն, արտահայտելով Արցախի ժողովրդի հավաքական կամքը, հարկ է համարում ի լուր աշխարհի արձանագրել և փաստել հետևյալը՝ Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում։ Վերահաստատելով, որ մեր բոլոր հաջողությունների ու ձեռքբերումների առանցքային հիմքերից է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը՝ ԱՀ ԱԺ-ն հայտարարում է՝  ՀՀ ոչ մի իշխանություն իրավունք չունի հրաժարվելու Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովող առաքելությունից, կամ ընդունելի համարել որևէ փաստաթուղթ, որտեղ ինքնիշխան Արցախի Հանրապետության գոյությունը կասկածի տակ կդրվի:

Հաշվի առնելով Ռուսաստանի պատմական դերակատարությունը մեր տարածաշրջանում` խաղաղության և կայունության ապահովման գործում, և մասնավորապես, ագրեսոր Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված 2020 թվականի 44-օրյա պատերազմի դադարեցմանն անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական մասնակցությունը` դիմում ենք Ռուսաստանին` Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու հանձնառությունը շարունակելու խնդրանքով։ Առաջարկում ենք՝ հաշվի առնելով նաև Արցախի ժողովրդին սպառնացող գոյաբանական վտանգները` ներդնել ռազմական և քաղաքական լրացուցիչ մեխանիզմներ»,- մասնավորապես ասված էր հայտարարությունում։

Նիստից հետո ԱԺ նախագահն ու բոլոր պատգամավորները դուրս եկան խորհրդարանի շենքից ու միացան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեծ հանրահավաքին մասնակցող ժողորդին։

Կարդացեք նաև

Հանրահավաքին մասնակցում էին նաև Արցախի գործող նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

168.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը ողջունեց ԱՀ ԱԺ արտահերթ նիստում ընդունված այդ հայտարարությունը և  միասնական կամքը, որն արտահայտվել է բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ:

«Համոզված եմ, որ հենց այդ հավաքում և այդ հայտարարությամբ է հստակեցված համայն հայության ազգային շահերը, և ոչ թե երկիմաստ և փոփոխական այն հայտարարություններով, որով հանդես է գալիս ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը»,- շեշտեց իրավապաշտպանը:

Ի պատասխան հարցադրումին՝ արդյոք այդ հայտարարությունը, հավաքը կունենան ազդեցություն Սոչիում այսօր տեղի ունեցող  հանդիպման ընթացքի և առհասարակ հնարավոր զարգացումների վրա, մեր զրուցակիցը նշեց.  «Այո, բայց դրա համար չպետք է սահմանափակվել այդ հայտարարությամբ, այլ այդ հայտարարությունը համապատասխան նամակով պետք է հասցեական ուղարկվի նախևառաջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը ներկայացնող պետությունների նախագահներին և  ուղղակի հարցապնդմամբ խնդրել հստակեցնել՝ արդյոք պատասխանն այնպիսի՞նն է, ինչպիսին, այսպես կոչված, արևմտյան ծրագիրը. եթե այո, ապա նրանք դառնում են նախապատրաստվող ցեղասպանության ուղղակի մասնակիցներ և համահանցակիցներ:

Բացի ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից՝ կարևորում եմ, որ այդ հայտարարությունը ստանա նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ՝ անուն առ անուն նշելով նախագահների կամ ներկայացուցիչների անունը, և այդ պրոակտիվ նամակով ուղղվող հայտարարությունը ողջ ջանքերով պետք է աշխատեցնել տարբեր  միջպետական հարթակներում»:

Լարիսա Ալավերդյանը համոզված է, որ այն, ինչ արտահայտվել է Արցախում, բխում է գոյաբանական պահանջներից, լինել-չլինելու հարցից:

Անդրադառնալով իշխանամերձ շրջանակների՝ հանրահավաքը «սևացնելու» փորձերին՝ նա նկատեց, որ դա կարելի է այդ շրջանակների բնավորությունը համարել:

«Իրենք եկել են ոչ թե «սպիտակացնեն» հայության ազգային շահերի կրողներին, այլ՝ կամ դատեն, կամ հասցնեն նրանց մահվան, կամ «սևացնեն»: Այնպես որ, զարմանալի չէ, քանի որ այս իշխանությունները եկել են իշխանության՝ ունենալով ուղղակի պարտադրանք, որը համապատասխանում է իրենց համոզմունքներին. այն է ՝ Արցախը բռնակցել Ադրբեջանին, իսկ ՀՀ-ն դարձնել կցորդի կցորդ՝ Թուրքիայի կցորդ Ադրբեջանի կցորդը:

Համոզված եմ, որ միջազգային հարաբերությունների ավելի հզոր սուբյեկտների շահերից ևս չի բախում այդպիսի քաղաքականություն, ինչը վարում են  այս իշխանությունները: Դրա համար, կարծում եմ՝ Արցախում տեղի ունեցած միջոցառումները բխում են աշխարհի բոլոր այն սուբյեկտների շահերից,  որոնք դեմ են, որ աշխարհը դառնա մեկ պետության կողմից ղեկավարվող և ուղղորդվող աշխարհ. նոր աշխարհակարգը պետք է  որ զրկված լինի այդպիսի նկրտումներ ունեցող պետությունների ազդեցությունից:

Եվ այդ պատճառով է, որ կարծում եմ՝ Արցախն արտահայտել է ոչ թե զուտ տեղական արցախահայության շահերը, այլ դա ձայնն է այսօրվա առաջադեմ մարդկության»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 26-ին Փաշինյանը հայտնել էր, որ հաստատել է իր մասնակցությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը։Եվ այսօր և Նիկոլ Փաշինյանը, և Ադրբեջանի նախագահն արդեն Սոչիում են:

Նախորդ նույն ձևաչափով հանդիպումը կայացել էր 2021 թվականի նոյեմբերի 26-ին` Սոչիում։ Կողմերը քննարկել էին 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման իրագործման, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին հայտարարության կատարման ընթացքը:

Տեսանյութեր

Լրահոս