Հետպատերազմական Արցախի ամենամեծ ներդրումային ծրագիրը․ կհիմնվի գերժամանակակից սարքավորումներով տեխնոպարկ
Հոկտեմբերի 29-ին Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի, «Էկոպրոֆ» ընկերության և Արցախի կառավարության միջև կնքվեց հուշագիր, որով նախատեսվում է հետպատերազմական Արցախում իրականցնել տեխնոլագիական և կրթատեխնիկական ոլորտի ամենամեծ ներդրումային ծրագիրը՝ 200 միլիոն դրամ արժողությամբ։
Այս ծրագրի միջոցով Genesis Armenia-ն Արցախում վերականգնում է տեխնոլոգիական-արհեստագործական և մետաղամշակման ուսումնարանների ավանդույթը՝ ստեղծելով արտադրական-ուսումնական տեխնոպարկ։
Արցախի կառավարությունում ներկայացվեց նախագիծը, նպատակն ու ակնկալվող արդյունքները։ Շնորհանդեսին ներկա էին ինչպես Արցախի կառավարության ներկայացուցիչները՝ պետնախարար Արտակ Բեգլարյանի գլխավորությամբ, այնպես էլ միջին մասնագիտական կրթություն ապահովող ուսումնական հաստատությունների` Շուշիի տեխնոլոգիական համալսարանի և վարչական շրջանների ուսումնարանների ղեկավարներ։
«Սա չափազանց կարևոր նախաձեռնություն է թե՛ տնտեսական, թե՛ ռազմակրթական առումով։ Պատերազմից հետո շատերն են զսպավածություն ցուցաբերում Արցախում ներդրումներ կատարելու առումով։ Դրա ֆոնին Genesis Armenia-ն և «Էկոպրոֆ» ընկերությունը շատ կարևոր օրինակ են ծառայում։ Այս ներդրումը երկարաժամկետ գործակցության և լրացուցիչ ներդրումների հիմք է տալու»-, ասաց ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
Տեխնոպարկը համալրվելու է գերժամանակակից սարքավորումներով ու հաստոցներով, որոնք կմշակեն ու կվերամշակեն, կարտադրեն ու գործածության մեջ կդնեն ցանկացած կարծրության ու խտության մետաղական դետալ։
«Հայության վերածնունդը, 90-ականների նման, այսօր էլ սկսվելու է Արցախից և Արցախով։ Հայկական լինելիության, պետական անվտանգության պատնեշը պետք է լինի Արցախը։ Մենք խնդիր ենք դրել պատրաստել արհեստավարժ մասնագետների, որոնք կհեշտացնեն պետության գործը 5-րդ սերնդի պատերազմում։ Ընտրել ենք արցախցի ուսանողների, որոնց վերապատրաստելու ենք Երևանում և արտասահմանում․ նրանք վերադառնալու և աշխատելու են Արցախում, ուսուցանելու են, զարգացնեն պետությունն ու շահույթ ստանան»,-նշեց Աբրահամ Գասպարյանը։
Տեխնոպարկը տեղակայվելու է Արցախում, զբաղեցնելու է մոտ 1000 քմ տարածք։
Ծրագրի շրջանակում Արցախի տեխնոլոգիական ուղղվածության բուհերի, ուսումնարանների և դպրոցների ուսանողների ու աշակերտների համար կանցկացվեն մասնագիտական դասընթացներ․ նրանք տեղում կծանոթանան տեխնոպարկի աշխատանքի ընթացքին։
Ռազմավարական այս ծրագիրը կմեկնարկի 2023 թվականին։
Հ․Գ․ «Էկոպրոֆ» ընկերությունը շինարարության ոլորտում պլաստմասե իրերի արտադրության և բնակարանների հարդարման առաջատար ընկերություններից է, որը, գործակցելով Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի հետ, իրականացրել է բազմաթիվ ծրագրեր Հայաստանում և Արցախում։
Genesis Armenia-ն անկուսակցական նախաձեռնություն է՝ ուղեղային կենտրոն/հիմնադրամ, որի նպատակը համահայկական մտավոր ներուժի համախմբումն է, խելամիտ, առարկայական ու երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի միջոցով այդ ներուժը ֆինանսատնտեսական ներդրումների վերածելն ու ծառայեցնելը՝ ի սպաս հայ ժողովրդի ազգային շահերի: Genesis Armenia-ն հայկական մտավոր ներուժը համախմբում է՝ միջազգային հարաբերությունների, անվտանգային քաղաքականության, տնտեսության և բիզնեսի, արդյունաբերության և տեխնոլոգիաների, կրթամշակութային, առողջապահության ու բնապահպանության ոլորտներում` մեկտեղելով մեր հայրենակիցների հետազոտական ունակությունները, համաշխարհային կապերը, լոգիստիկ հնարավորությունները։