Օրական առնվազն 1 ֆիլմ՝ ժեստերի լեզով. պատգամավորն առաջարկում է ավելացնել ժեստերի լեզվով հեռարձակվող հաղորդումների ծավալը
ՀՀ ազգային ժողովը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն առաջարկում է մուլտֆիլմերի դեպքում ամրագրել ժեստերի լեզվով հեռարձակման պարտադիր պահանջ, իսկ ֆիլմեր հեռարձակողների դեպքում՝ եթերաժամում ավելացնել օրական առնվազն 1 ֆիլմ:
Բաթոյանն իր հեղինակած «Տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրեց ԱԺ հոկտեմբերի 25-ի նիստում:
«Նախագծով առաջարկվում է ավելացնել հայերեն ժեստերի լեզվով կամ ենթագրերով հեռուստահաղորդումների ծավալը, ինչպես նաև սահմանել ժեստերի լեզու հասկացությունը: Մասնավորապես, առաջարկում եմ հստակեցնել հայերեն ժեստերի լեզով և ենթագրերով հեռարձակվող հաղորդումների տեսակները, մուլտֆիլմերի դեպքում ամրագրել ժեստերի լեզվով հեռարձակման պարտադիր պահանջ, իսկ ֆիլմեր հեռարձակողների դեպքում՝ եթերաժամում ավելացնել օրական առնվազն 1 ֆիլմ»,-ասաց Բաթոյանը:
Նախագծով առաջարկվում է նաև հայերեն ենթագրերով և ժեստերի լեզվով թարգմանությամբ լրացուցիչ և պարտադիր հաղորդումների ցանկ սահմանել հանրային հեռարձակողների համար, մասնավորապես շաբաթվա ընթացքում առնվազն մեկական կրթական, առողջապահական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդման հեռարձակում, ՀՀ տոների և հիշատակի օրերին կազմակերպվող միջոցառումների ուղիղ եթերով հեռարձակումները, վարչապետի, ԱԺ նախագահի, Հանրապետության նախագահի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղիղ եթերով հեռարձակվող ելույթները, ուղերձները և նախապես ծրագրված հարցազրույցները, արտակարգ կամ ռազմական դրության ռեժիմի ընթացքում եթեր հեռարձակվող հատուկ թողարկումները, ինչպես նաև սոցիալական գովազդը:
Պատգամավորն առաջարկում է նաև իրավական հիմքեր ստեղծել ԱԺ հատուկ նիստերի և խորհրդարանական լսումների առցանց հեռարձակումն ԱԺ պաշտոնական ինտերնետային կայքով հայերեն ժեստերի լեզվի թարգմանությամբ կազմակերպելու համար: