«Միացյալ Նահանգների կազմակերպած բլից-կրիգը տապալվեց. երկրորդ փուլով կլինի ցամաքային օպերացիա». Գրիգոր Բալասանյան
Այսօր Իրանի դեմ պատերազմի 4-րդ օրն է։ Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 787-ի, հայտնել է Իրանի Կարմիր մահիկի համայնքը։
Երեկ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները կարող են տևել 4 շաբաթ։
Չնայած հարևան Իրանում տեղի ունեցող թեժ ռազմական գործողություններին, Հայաստանի Անվտանգության խորհուրդը նիստ էր անցկացրել և հայտարարություն տարածել, որ Հայաստանի անվտանգությանը սպառնալիք չկա։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի խոսքով՝ Իրանի վրա հարձակելով՝ Միացյալ Նահանգները չկարողացավ հասնել իր նպատակին։
«Միացյալ Նահանգների կողմից կազմակերպված բլից-կրիգը տապալվեց, անգամ հոգևոր առաջնորդի սպանությունը չազդեց Իրանում ներքին վիճակի վրա, ավելին՝ կարծես ավելի համախմբեց հասարակությանը։
Իրանը ողջ տարածաշրջանը վերցրել է իր թիրախի ներքո, ինչը Միացյալ Նահանգների համար տհաճ անակնկալ էր, քանի որ վստահ էին, որ Իրանն իրենց բազաներին չի հարվածի։ Մինչդեռ ողջ տարածաշրջանում ամերիկյան դեսպանատները, անգամ հյուրանոցները, որտեղ բնակվում են ամերիկացիները՝ գտնվում են Իրանի նշանառության տակ։ Սա ևս մեկ հանգամանք է, որը ԱՄՆ նախագահը չէր հաշվարկել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գրիգոր Բալասանյանը։
Ըստ նրա, Միացյալ Նահանգները հայտարարում է 3-4 զոհի մասին, ինչն իրականությանը չի համապատասխանում, Իսլամական հեղափոխության պահապանները հրապարակել է 650 զոհի և վիրավորի մասին տվյալ։ Սա, ըստ նրա՝ իմիջային առումով լուրջ հարված է Թրամփի՝ խաղաղասերի համբավին։
«Ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, կարծում եմ՝ երկրորդ փուլով անպայման պետք է լինի ցամաքային օպերացիան։ Միացյալ Նահանգներն այդ ուղղությամբ որոշակի քայլեր անելով՝ փորձում է կրկին օգտագործել քրդական խաղաքարտը, նաև Իրանում բելուջների հանգամանքը, որպեսզի նրանք ևս ապստամբեն ու օգնեն ԱՄՆ-ին՝ տապալելու Իրանում իշխանությանը։ Սակայն երկու հանգամանքն էլ չի լինելու՝ բելուջների պարագայում Իրանի բնական դաշնակիցը դառնում է Պակիստանը, որի տարածքում ևս բելուջները բնակվում են, և նա չի հանդուրժելու անկախ Բելուժիստան։ Իսկ Սիրիայի պարագայում խաղի մեջ կմտնեն Թուրքիան և Սիրիայի նոր իշխանությունը, քանզի երկուսի համար էլ, ինչպես Իրանի համար, քրդական գործոնն անթույլատրելի է։ Այսինքն՝ այստեղ լինելու է բոլորը բոլորի դեմ պատերազմ, անգամ դաշնակիցներն են սկսելու իրար հետ պատերազմել»,- հավելեց Գրիգոր Բալասանյանը։
Միջազգայնագետը նշեց, որ, իհարկե, միայն ուրախ կլինի, եթե ՀՀ իշխանությունների հայտարարություններն իրականություն դառնան և հարևան Իրանում տեղի ունեցող իրադարձությունները չխաթարեն ՀՀ անվտանգությունը, սակայն աշխարհում 100 տոկոսով ապահով երկիր չկա։
«Լավ է, որ, ըստ իշխանությունների՝ Հայաստանին վտանգ չի սպառնում, բայց պետք է քայլեր անել, որպեսզի այդ վտանգը մաքսիմալ հեռացվի ու նվազեցվի Հայաստանից։ Դրա համար պետք է այնպես անեն, որ Իրանը չմտածի, թե Հայաստանը փորձում է դառնալ կամ փորձում են Հայաստանը դարձնել հակաիրանական կենտրոն։
Ցանկացած գործողություն, առաջարկ՝ Հայաստանը դարձնել տարբեր հեռախուզություններ անելու համար երկիր, պետք է արմատական վերացվի, որևէ պատրվակ չպետք է տան Իրանին՝ Հայաստանը դիտարկելու որպես ոչ բարեկամ երկիր»,- նշեց Գրիգոր Բալասանյանը։
Շարունակելով թեման, մեր զրուցակիցը նաև ասաց՝ ԱՄՆ նախագահը և Իսրայելի վարչապետն, իհարկե, հակված են շարունակելու Իրանի դեմ պատերազմը։ Նրանց երկուսին էլ իմիջային առումով հսկայական հարված է հասցվել, երկուսն էլ իրենց հասարակություններում սկսում են խնդիրներ ունենալ։ Եթե հիմա կանգնեցնեն պատերազմը, չի բացառվում, որ տեղի ունենան ներքին գործընթացներ և եթե ոչ՝ Թրամփը, ապա Նեթանյահուն պաշտոնանկ կարվի։
«Մյուս կողմից էլ՝ հարցերի հարցն այն է, թե որքան կարող է դիմանալ Միացյալ Նահանգները, քանի որ ողջ աշխարհից իր ինքնաթիռները հավաքեց ու բերեց Իրան՝ մտածելով բլից-կրիգ անել և արագ հարցը լուծել։ Այժմ այդ ինքնաթիռները ոչ միայն չեն կարողանում խնդիր լուծել, այլև Իրանը կարողացել է շարքից հանել «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը, որը հարվածային հիմնական բռունցքն էր։ Հիմա այդ ավիակիրը դուրս է գալիս տարածաշրջանից, քանի որ նրա գործողությունն այլևս պիտանի չէ։ Այնտեղ մնում է միայն «Ջերալդ Ֆորդը», որն անգամ օպերացիան սկսելուց առաջ կոյուղու հետ կապված խնդիր ուներ և գնացել էր Հունաստան՝ այդ հարցը կարգավորելու համար։
Չեմ կարծում, որ հիմա միայն «Ջերալդ Ֆորդը»-ով հնարավոր կլինի Իրանում իրավիճակը փոխել։ Դրա համար իրենք շարունակելու են պատերազմը. ներքուստ շատ լավ հասկանում են, որ պարտվել են, քանի որ հիմնական նպատակը՝ կազմաքանդել Իրանը, գոնե այս մի քանի օրերին իրենց չի հաջողվել»,- ընդգծեց Գրիգոր Բալասանյանը։



