«Արևմուտքը չի զսպելու Ադրբեջանին, իսկ Իրանը պատրաստ է կռիվ տալ Սյունիքի համար». Մենուա Սողոմոնյան

5165 շարժման համահիմնադիր, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանի կարծիքով՝ ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի լուրջ լծակ չունի՝ զսպելու ադրբեջանական ագրեսիան:

«ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն էլի ինչ-որ տեղ քաղաքական առումով մի փոքր ավելի բարձր լեգիտիմություն ունի, քանի որ, որքան էլ փորձեն արհեստական ձևով տարանջատել արցախյան հակամարտությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից, այդ երկուսը շաղկապված են, և ԵԱՀԿ-ն է եղել այն միջազգային կառույցը, որը զբաղվել է Արցախի հարցով:

ԵԱՀԿ-ում ներկայացված են եղել ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Ֆրանսիան՝ ՄԽ ձևաչափում: ԵՄ դիտորդները գալու են՝ ի՞նչ անեն: Բնականաբար, նրանք չեն կանգնելու խրամատներում, չունեն զենք և պարզապես տեղակայվելու են ինչ-որ վայրերում, բնականաբար, սահմանից հեռու: Ընթացքում կարող են գնալ-գալ, դիտարկումներ անել, և այդ 40 մարդը (հայ-ադրբեջանական սահմանի երկարությունը, եթե չեմ սխալվում, Նախիջևանի հատվածը հանած՝ մոտ 500 կիլոմետրի մասին է խոսքը) 500 կիլոմետրի վրա ո՞ր տարածքներում են նրանք տեղակայվելու: Անգամ տեղակայվելու պարագայում, եթե տեղի ունեցավ մասշտաբային ներխուժում, ի՞նչ են անելու: Այո, կարող են զեկուցել իրենց մայրաքաղաքներին, և եթե ասացին՝ այո, Ադրբեջանն է խախտել զինադադարի ռեժիմը, ի՞նչ են անելու եվրոպական պետությունները: ԵՄ-ն ռազմական միջոցներ չունի, որպեսզի ինքն իրենով արձագանքի, և չենք էլ կարող պատկերացնել, որ ԵՄ-ն Ադրբեջանին կհարվածի կամ առավել ևս՝ տնտեսական սանկցիաների տակ կգցի, որովհետև տեսնում ենք, որ այսօր Ադրբեջանի հետ ԵՄ էներգետիկ համագործակցությունը շատ բարձր մակարդակի վրա է»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նա շեշտեց, որ դիտորդական առաքելության տեղակայումը ՀՀ անվտանգության մեջ որոշակի ներդրում ունեցող Ռուսաստանի և Իրանի հետ կապված մեծ խնդիրներ է առաջացնում.

«Հայաստանը, փաստորեն, իր անվտանգությունը կառուցելու իրեն առաջարկվող տարբերակներից կատարում է ամենաանիրական ընտրությունը, որովհետև ռազմական կոնտինգենտ ԵՄ-ն և առհասարակ՝ Արևմուտքը, այս տարածաշրջանում չունի: Այդ հարցը նույնիսկ բարձրացվել է Նենսի Փելոսիի այցի ժամանակ, երբ հայտարարվեց, որ իրենք ընտրում են ժողովրդավարությունը՝ ավտոկրատիայից՝ Կիևից մինչև Երևան և Թայվան, սա նշանակում է, որ վեկտորի փոփոխություն են ակնկալում Հայաստանից: Բայց երբ հարցնում են՝ վեկտորի փոփոխություն կատարելուց հետո կկարողանա՞ն երաշխավորել Հայաստանի անվտանգությունը, դրական պատասխան չի եղել, որովհետև դրա մեխանիզմները չկան: Հակառակը՝ այն երկրները, որոնք սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար՝ Արևմուտքի հետ գտնվում են շատ սերտ կապերի մեջ: Պետք չէ նայել, որ երբեմն-երբեմն Մակրոնը քննադատում է Ադրբեջանին, կամ որ Ալիևը հայհոյում է Մակրոնին, դա չի նշանակում, որ թուրք-ադրբեջանական գործընկերությունն Արևմուտքի հետ չունի ռազմավարական նշանակություն:

Հետևաբար, ամենաանիրական ընտրությունն է կատարվում՝ ի տարբերություն նրա, որ մենք արդեն քանիցս տեսնում ենք, որ Իրանը մեզ առաջարկում է ռազմավարական գործընկերություն, որովհետև իր համար Սյունիքը, Հայաստանը կենսական նշանակություն ունեցող տարածք է, և Իրանը պատրաստ է կռիվ տալ դրա համար, և մենք դա տեսնում ենք: Մենք նախորդ տարի այս օրերին էլ տեսանք, թե նա ինչ խոշոր զորաշարժ կատարեց իրանաադրբեջանական սահմաններ: Այս պարագայում, երբ մեզ համար կենսական նշանակություն ունի Իրանի հետ դաշինքը, Հայաստանի իշխանություններն Իրանի այդ առաջարկներին անհասկանալի ձևով են վերաբերվում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս