Անվտանգության աշխատողներին կանչեք դահլիճ՝ ստուգեն՝ արդյո՞ք զինված մարդիկ չկան նստած. Անի Խաչատրյան
Երևանի ավագանու հոկտեմբերի 18-ի նիստի մեկնարկից առաջ «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը խնդրանքով դիմեց նիստը վարող փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին. «Խնդրում եմ, պահանջում՝ նիստը սկսելուց առաջ անվտանգության աշխատողներին կանչել դահլիճ, ստուգել՝ արդյոք այս պահին դահլիճում զինված մարդիկ չկան նստած: Սա պետական պահպանության վերահսկողության տակ գտնվող շենք է, ես պահանջում եմ՝ բոլորիս անվտանգությունից ելնելով»:
Լևոն Հովհաննիսյանն անպատասխան թողեց Անի Խաչատրյանի առաջարկը և սկսեց նիստը, ավագանու ոչ իշխանական խմբակցության անդամը նորից հարց ուղղեց. «Պարոն Հովհաննիսյան, ես հիմա ոստիկանություն զանգահարե՞մ, թե՞ ստուգենք մեր անվտանգությունը»:
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը արձագանքեց. «Խնդիրը լուծված է, պետք չի նյարդայնանալ, ստուգված է, խնդիր չկա: Բոլորս գիտենք՝ ինչ հարց է, պարոն Անտոնյան, ձեզ է վերաբերում, խնդրում եմ՝ ուղիղ արձագանքեք: Հստակ ասեք, որ զենք չունեք ձեզ մոտ: Այս դահլիճում բոլորը հասկանում են, որ զենքով չեն կարող մտնել»:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանն էլ արձագանքեց. «Բոլորն էլ գիտեն, որ ես զենք չեմ կրում, դրա համար հարկ չեմ համարել արձագանքել նման թյուրիմացություններին»: