Քողարկված համընդհանուր մոբիլիզացիայի բուն նպատակը

Կառավարության նիստում երեկ, ըստ էության, ազդարարվեց Հայաստանում համընդհանուր մոբիլիզացիա հայտարարելու մասին։ ՊՆ կողմից ներկայացված և Փաշինյանի կողմից աջակցություն ստացած նախագիծը՝ այն է՝ ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիներին 25 օրով մարտական հերթապահության տանելը, ոչ այլ ինչ է, քան՝ համընդհանուր մոբիլիզացիա։

Լայն հասարակությունը դեռևս չի հասկացել, թե գործող ինշխանությունն այդպիսով ինչպե՞ս է պատրաստվում փոխել բոլորի կյանքը, և ինչ լուրջ խնդիրների առաջ են կանգնելու բոլոր ընտանիքները։

Ռազմական փորձագետների և ոլորտի մասնագետների առաջին արձագանքն այն էր, որ կառավարության այս նախաձեռնությունն աբսուրդ է, և չի բերելու ռազմական պոտենցիալի բարձրացմանը, չի բերելու պետության պաշտպանողականության բարձրացմանը։ Ինչի՞ մասին  է խոսքը.

1. Ո՞րն է տարիքային վերին շեմը. 40՞, 45՞ 50՞, 55՞ տարեկանը։ Կախված սրանից՝ մինչև 300-400 հազար տղամարդ մոբիլիզացվելու է։ Այսինքն՝ ամսական 30-40 հազար տղամարդ։

Կարդացեք նաև

2. Արդյո՞ք առկա են այդքան թվի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ. զորանոցներ, քնելու տեղեր, հագուկապ, սաղավարտ, ավտոբուսներ և այլն։ Արդյո՞ք զինկոմիսարիատները պատրաստ են այդպիսի ծավալով աշխատանքների։ Արդյո՞ք բժշկական հանձնաժողովներն ի վիճակի են այդպիսի ծավալի աշխատանքի։ Կարծում ենք՝ պատասխանները պարզ են։

3. Արդյո՞ք կա անհրաժեշտություն այդ թվով մոբիլիզացիայի։

4. Արդյո՞ք 45-55 տարեկան մարդիկ, իրենց առողջական և այլ հոգսերով, կարող են պիտանի զինվորական լինել։ Մարդիկ, ովքեր զենք չեն բռնել ընդհանրապես կամ 20-25 տարի առաջ են զենք բռնել, կարո՞ղ են պիտանի զինվորական լինել։

5. Համընդհանուր զորահավաք՝ նշանակում է քաղաքացիական կյանքի տապալում։ Փաշինյանը որոշել է Հայաստանը սարքել Ուկրաինա, որտեղ կա իշխանություն և բանակ։ Ուրիշ ոչ մի բան։ Եվ, իհարկե, անթիվ-անհամար մահեր։

6. Ինչո՞ւ է Փաշինյանն ուզում գնալ այս քայլին. որովհետև շատ լավ հասկանում է, թե իր բանակցային տապալումները, աշխարհաքաղաքական, հատկապես՝ հավաքական արևմուտքի հետ սիրախաղերն առաջիկայում ինչ աղետի կարող են բերել։

7. Ոչ ոք չի հաշվարկել, թե հասուն մարդուն բնականոն կյանքից կտրելն ի՞նչ խնդիրների է բերելու. մարդիկ ունեն բիզնես, վարկեր, պարտքեր, գործեր, պլաններ, ընտանեկան խնդիրներ, առողջական խնդիրներ, և այլն։ Ոչ ոք սրա մասին չի մտածում, և սա իշխանությանը՝ Փաշինյանին և նրա թիմին, չի հետաքրքրում։ (Ի վերջո, իշխող թիմի ներկայացուցիչները պետական կառավարման համակարգում են աշխատանքի տեղավորված և այդպիսով ազատվելու են 25-օրյա այդ հավաքներից):

8. Իշխանությունն իր բոլոր տապալումները փորձում է «փոխհատուցել» մարդազանգվածով։ Իշխանությունը չի կարողանում զենք բերել, և դրա համար որոշում է խրամատները լցնել հասարակ մարդկանցով։ Իշխանությունը չի կարողանում ճիշտ բանակցել և դա փոխհատուցում է սովորական մարդկանց առողջությամբ և կյանքերով։

9. Երբ իշխանությունները տապալում են բոլոր ծրագրերը, բոլոր բարեփոխումները, վերջում դրա գինը վճարում են հասարակ մարդիկ։ Սա այն է, ինչը կարող է կատարվել Հայաստանում։

Հակոբ Մուշեղյան

Տեսանյութեր

Լրահոս