«Հրաժարվում ենք եռամսյա հավաքներից, դրանք դառնում են 25-օրյա՝ պարտադիր ՀՀ զինապարտ քաղաքացիների համար»․ Սուրեն Պապիկյան

Կառավարության այսօրվա նիստում, անդրադառնալով Զինված ուժերում կատարվող բարեփոխումներին, Նիկոլ Փաշինյանն ասաց, թե բազմաթիվ նամակներ և դիմումներ են ստանում, երբ քաղաքացիները ցանկություն են հայտնում կամավոր սկզբունքով, կարճ ժամանակահատվածում պատրաստում անցնել և հերթապահություն իրականացնել։

Փաշինյանը հայտարարեց՝ այսօր հնարավորություն կա, որ բոլոր կամավորները կարող են ներգրավվել 25-օրյա ծառայության․

«Մարդը դիմում է զինկոմիսարիատ, կամ հիմա ուրիշ բարդ անուն ունի այդ կառույցը, ինքը ներգրավվում է և 25 օրվա գործընթաց է անցնում՝ ծառայություն, պատրաստություն, որից հետո արդեն երկար ժամանակ նրան չենք անհանգստացնի՝ համարելով, որ ինքն այդ պատրաստությունն անցել է»։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ հավելեց, որ կամավորությունը պետք է լինի, երբ պահեստազորում գտնվող ՀՀ քաղաքացին ինքն է ընտրում ժամկետը, թե տարվա մեջ երբ կարող է այդ 25 օրը նվիրել Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանելուն։

Կարդացեք նաև

«Մեր նպատակը հետևյալն է, մենք հրաժարվում ենք եռամսյա հավաքներից, հավաքները դառնում են 25-օրյա, իրականում 21 օրն է հիմնական ծառայությունը, մնացածը կազմակերպական հատվածն ապահովելու համար է: 7 օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր իրականացնում է մարտական հերթապահություն: Շուտով կարգը կլինի, մենք դրա մասին կհայտարարենք: Առաջիկա հավաքները լինելու են 25-օրյա, այլևս հրաժարվում ենք եռամսյա հավաքներից: Բայց դա լինում է պարտադիր Հայաստանի Հանրապետության բոլոր զինապարտ քաղաքացիների համար: Մեծ ուշադրություն կխնդրեմ նաև իրավապահ մարմիններից, որովհետև շատ են խոսակցությունները, որ մշտապես ակցենտը դրվում է այն մարդկանց վրա, որոնք միշտ պատրաստակամ են եղել, բայց սա պետք է դառնա պարտադիր, բոլորի համար, ու մենք հնարավորություն ենք ընձեռելու նրանց ընտրել ժամկետը»,- ասաց Պապիկյանը:

Տեսանյութեր

Լրահոս