«Չեմ կարող ասել այս պահին»․ Առողջապահության նախարարը՝ զոհվածների չնույնականացված մարմինների թվի մասին
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ օրերս Բաքվից Երևան տեղափոխված 17 հայ ռազմագերիների հարցին, ասաց, որ նրանցից մի քանիսն այս պահին գտնվում են բուժհաստատությունում․
«Մեր զինծառայողները գտնվում են Պաշտպանության նախարարության հոսպիտալում։ Անհրաժեշտ բժշկական հետազոտությունների ընթացքն անցնելուց և, եթե կարիք լինի, նաև բուժական պրոցեսն անցնելուց հետո արդեն դուրս կգրվեն, մանրամասներ չեմ կարող այս պահին հրապարակել»։
Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին, թե զինծառայողների մոտ առողջական ի՞նչ խնդիրներ կան, որ բուժումը ոչ թե ամբուլատոր, այլ հիվանդանոցային պայմաններում են ստանում։
«Անպայման չէ, որ մարդու վիճակը վատ լինի, կա նաև հիվանդանոցային հետազոտությունների ծավալ, որը պետք է իրականացվի այդ պայմաններում։ Երբ անհրաժեշտ բժշկական օգնության ծավալը ստանան՝ արդեն դուրս կգրվեն։ Որևէ բան բժշկական օգնության ծավալի մասին չեմ կարող ասել այս պահին»,- պատասխանեց նախարարը։
Անդրադառնալով սեպտեմբերի 13-ին թշնամու սանձազերծած պատերազմի հետևանքով հայկական կողմից զոհերին, լրագրողներն Անահիտ Ավանեսյանին հարցրեցին, թե արդյոք այս պահին կա՞ն մարմիններ, որոնք նույնականացված չեն, և անհրաժեշտություն կա արտերկիր փորձանմուշ ուղարկել․
«Մեր գնահատմամբ՝ այս պահին որևէ կարիք չունենք արտասահմանյան բժշկական կամ հետազոտական կենտրոնների հետ աշխատելու։ Մեր մասնագետների և տեխնիկական հագեցվածությունն ամբողջությամբ բավարարում է հետազոտություններն իրականացնելու։ Այո՛, որոշները դեռ ընթացքի մեջ են, և առաջիկայում կունենանք բոլոր հետազոտությունների պատասխանները»,- պատասխանեց նախարարը՝ չբացահայտելով, թե խոսքը քանի մարմնի և մասունքի մասին է։
«Չեմ կարող ասել ձեզ այս պահին»,- ասաց Ավանեսյանը։