Բաժիններ՝

Մինչև 2030 թվականը առնվազն 4 բուհ ընդգրկված կլինեն միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ. ԿԳՄՍ նախարար

Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը նախատեսում է էականորեն փոխակերպել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթական համակարգը, որպեսզի այն լինի միջազգայնորեն մրցունակ։  Ազգային ժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին նախագիծը:

«Այս նպատակադրման համար նախատեսվում է հայաստանյան բուհերի միջազգայնացման, կրթության-գիտության փոխգործակցության խթանման միջոցառումներ։ Բոլոր բուհերի համար կսահմանվեն միջազգայնորեն ընդունելի միասնական լիցենզավորման և հավատարմագրման ստանդարտներ ըստ ենթակառուցվածքների, ընդհանուր տարածքի, կառավարման, ուսանող-դասախոս հարաբերակցության և այլ չափանիշների։ Կներդրվեն որակի ապահովման միասնական գործիքներ։ Նախատեսվում է բուհերի համար հավասար մրցակցային դաշտի ստեղծում, բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում օտար լեզվով դասավանդման հնարավորությունների ընդլայնում և հավասար հնարավորությունների ստեղծում, ինչպես հայերեն այնպես էլ օտար լեզվով դասավանդվող կրթական ծրագրերի համար»,- ասաց Դումանյանը։

Նախարարի խոսքով՝ մինչև 2030 թվականը կստեղծվեն 100 տոկոս պետական ֆինանսավորմամբ 5-8 ԲՈՒՀ՝ չբացառելով վճարովի ուսուցման հնարավորությունը։ «Հայաստանյան կոնկրետ թվով բուհերին պետական թիրախային աջակցության տրամադրման միջոցով հնարավորություն կստեղծվի միջազգային մրցակցության պայմաններում էականորեն բարելավել դիրքերը։ Արդյունքում՝ 2030 թվականին առնվազն չորս հայաստանյան բուհ ընդգրկված կլինեն միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ»,- եզրափակեց Դումանյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս